«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի` մեկ ամսով նախագահությունից Ադրբեջանը օգտվելու է լիարժեքորեն ու կորզելու է իր համար նպաստավոր որոշումներ:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ից Թուրքիան մեկ ամսով ղեկավարելու է ՄԱԿ-ի ԱԽ-ն: Այս երկիրը 2009 թվականին երկու տարով ընտրվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ ու մեկ անգամ արդեն ղեկավարել է կառույցը:
Այս նախագահությունը համընկնում է ՄԱԿ-ի ԳԱ 65-րդ նստաշրջանի հետ, որի օրակարգում ներառված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը: Եթե նախագիծն ընդունվի, ապա այն կարող է քննարկվել ԱԽ-ում, որի որոշումները պարտադիր կատարման ուժ ունեն:
«Թուրքիան, ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունների թեթեւ ձեռքով, ֆուտբոլային մոլորությունների ճանապարհով երկու տարով դարձավ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ: Հիմա թուրքերը ձգտում են միջազգային կարեւոր կառույցներում պաշտոններ ստանալ, եւ դա նրանց հաջողվում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը:
Հայաստանի համար «Ժառանգության» պատգամավորը կանխատեսեց բարդ աշուն, քանի որ մեկ այլ միջազգային կառույց` ԵԽԽՎ նախարարների Կոմիտեն առաջիկայում կրկին լինելու է Թուրքիայի ղեկավարության ներքո` ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի:
«Մենք ոչ միայն դժվար թե կարողանանք Արցախի օգտին որեւէ բանաձեւ ընդունել տալ, այլ հարկադրված ենք լինելու պաշտպանվել թուրք-ադրբեջանական գրոհներից»,-նշեց պատգամավորը:
Այս առումով նա տարակուսեց նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից, որ այս ամենում որեւէ վտանգ չկա:
«Այս տարիների ընթացում ոչինչ չեն արել եւ չեն կանխել սպառազինությունների մրցավազքը: ՀՀ-ն թքած է ունեցել այս զարգացումների վրա, երբ «Ժառանգությունը» պահանջում էր հարցը կարգավորել միջազգային դատարաններում: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է լավագույն դեպքում ճնշել Հայաստանն ու ԼՂ-ն ու զիջումներ կորզել, նվազագույն դեպքում` լեգիտիմացնել այն պատերազմը, որով հիմա սպառնում է»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ադրբեջանական նախագծի ապագան նա պայմանավորեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պահվածքով:/Նրանք 2007 թվականին չկասեցրեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ քվեարկությունը/:
«Եթե միջնորդ երկրները շահագրգիռ են ղարաբաղյան գործընթացի շարունակմամբ, ապա տրամաբանական է, որ թույլ չեն տա, որ բանաձեւն ընդունվի»,-նշեց նա :
Որ բանաձեւին ոչ թե ձեռնպահ, այլ դեմ կքվեարկեն` համոզված է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատճառն այն է, որ այս երկրները միակ ընդունելի տարբերակը բազմիցս համարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են:
«Պետք չէ ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել Թուրքիայի դերը: Ռոմանտիկ չեմ, որ ասեմ` ամեն ինչ նորմալ է, ուտոպիստ չեմ, որ ասեմ` ես ապրում եմ մի երկրում, որտեղ խնդրի չկա: Վտանգներ չկան այնտեղ, որտեղ կյանք չկա: Սակայն, այսօր ԼՂ հիմնահարցում սանկտպետերբուրգյան առաջարկները հայկական կողմի համար ավելի դրական են, ինչն էլ ստիպում է Բաքվին փորձել հարցը տեղափոխել այլ հարթակ»,- ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում:
Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը այս դեպքում պետք է օգտագործի Ադրբեջանի սխալները եւ հասնի ԼՂՀ միջազգային ճանաչման:

