ՀԱԿ. Սեպտեմբերի 17-ը կլինի որոշիչ

19:48 | Օգոստոս 27, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսը ծայրահեղ քայլերի չի դիմի, սակայն այն որոշիչ կլինի. այսօր այս մասին Կոտայքի մարզում հայտարարել են ՀԱԿ ներկայացուցիչները: Նրանք հանդիպել են Հրազդան եւ Աբովյան քաղաքների իրենց համակիրների հետ: Ընդ որում` Հրազդանում մասնակիցների թիվն ավելի մեծ էր: Հանդիպմանը ներկա էին նաեւ անազատության մեջ գտնվող նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ազգականները:

Այսօր ՀԱԿ ներկայացուցիչները Կոտայքի մարզ էին գնացել` օրակարգում ունենալով երկու հարց` սեպտեմբերի 17-ի հանրահավաքը եւ օրեր առաջ կնքված հայ-ռուսական համաձայնագիրը: Դրանով երկարաձգվեց մեր երկրում ռուսական ռազմաբազայի գործունեությունը,չնայած ժամկետը դեռ չէր լրացել:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով, սա պարտադրված համաձայնագիր էր, քանի որ երկու ամիս առաջ անգամ «մեր իշխանությունները դրա մասին գաղափար անգամ չունեին»: Արամ Մանուկյանի գնահատմամբ` պասիվ քաղաքական շրջանին կհաջորդի թեժ աշունը, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ի հանրահավաքով:

Այսօրվա հանդիպումներին ներկա էր նաեւ եվրոպական կառույցներում ՀԱԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Արման Գրիգորյանը: Նա վստահեցրեց, թե քաղբանտարկյալների հարցը եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում է, ուստի խիստ կարեւոր է ՀՀ-ում բազմամարդ հանրահավաքներով այս խնդրի բարձրացումը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100