ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորները գրավոր հարցեր են ուղղել վարչապետին: Մասնավորապես, Ստեփան Սաֆարյանի հարցը վերաբերում է անհայտ անձանց կողմից Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց Ձոր ուղղելու ապօրինի գործողություններին եւ շինարարությանը:
Տվյալ խնդրի կապակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների հանձնաժողովի կողմից պարզվել է, որ ՀԷԿ-ի շինարարությունն իրականացվել է ՙԶանգեզուր Էքսիմպ՚ ընկերության կողմից, ըստ որում` ապօրինի:
Պատգամավորը վարչապետից ցանկանում է իմանալ, թե ՀՀ Բնապահպանության նախարարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը պարզել է, թե ո՞վ է ապօրինի կառույցի եւ բիզնես-ծրագրի իրական նախաձեռնողը: Ու՞մ է պատկանում այդ ապօրինի կառույցը եւ ու՞մ պատվերով է ՙԶանգեզուր Էքսիմպ՚ ընկերությունը իրականացրել ապօրինի շինարարությունը:
Իսկ պատգամավոր Անահիտ Բախշյանը ցանկանում է իմանալ, թե հակասահմանադրական ճանաչված հոդվածները ինչպես են հայտնվել Աշխատանքային նոր օրենսգրքում եւ ինչպես են դրանք կիրառվելու:
«Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2010թ. փոփոխությամբ ուժը կորցրած են ճանաչվել 210 եւ 211 հոդվածները, որոնցով նախատեսվում էին երաշխիքներ եւ հատուցումներ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում եւ հատուցումների վերադարձման դեպքերը:
Նշված հոդվածների բացակայությամբ ընդհանրապես առանց կարգավորման են մնում գործատու-աշխատող այն հարաբերությունները, որոնք կապված են աշխատողի` այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու հետ:
Նշեմ նաեւ, որ չնայած վերոնշյալ 210 եւ 211 հոդվածները համարվել են ուժը կորցրած, ըստ 213 հոդվածի 3-րդ կետի` նախատեսվում է աշխատավարձից պահել գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու համար աշխատողին տրված ու չօգտագործված կանխավճարըե,-ասում է պատգամավորը:
Նա վարչապետին խնդրում է տեղեկացնել, թե ինչպես է այսուհետ լուծվելու աշխատողների` աշխատանքի այլ վայր փոխադրվելու հետ կապված ծախսերի հատուցման հարցը, եւ ինչն է պահվելու, եթե չի վճարվելու:
Հարցերը վարչապետին ուղղվել են Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում Կառավարության հետ հարցուպատասխանին ընդառաջ:

