Ռուսաստանը ցույց կտա իր դե՞րը

20:59 | Հուլիս 30, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը Հայաստանի համար տարբեր պատճառներով խիստ կարեւոր է համարում միջազգայնագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Առաջինը ռազմաքաղաքական բլոկն է, կարծում եմ կստորագրվեն կարեւոր փաստաթղթեր, եւ իհարկե ԼՂՀ խնդրի շուրջ կընթանան բանակցություններ»,- ասաց նա:

Մինասյանը չի կարծում, որ առանձնակի բեկում կարձանագրվի ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, բայց որ Մեդվեդեւն իր այցի ընթացքում ցույց կտա, որ Ռուսաստանն է թիվ մեկ դերակատարը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, դա ակնհայտ է:

Հայաստանի համար կարեւոր կլինեն նաեւ տնտեսական համագործակցության վերաբերյալ բանակցությունները հատկապես էներգետիկ ոլորտում:

«Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար` եւ քաղաքական, եւ տնտեսական զարգացման համար բացի Հայաստան-Իրան երկաթուղուց, էներգետիկ պրոյեկտներից, Հայաստանի ռազմական անվտանգությունից հետո ամենակարեւորը ատոմակայանի հարցն է»,-նկատում է Սերգեյ Մինասյանը:

Նա գտնում է, որ չնայած Հայաստանը ջրային պաշարներով հարուստ երկիր է, սակայն առանց ատոմակայանի կյանքն էլ ցույց տվեց, որ անհնար է տնտեսություն պահել:

«Իսկ ատոմակայանի առկայությունը թույլ կտա Հայաստանին նաեւ էլեկտրաէներգիայի արտահանում կազմակերպել հարեւան երկրներ: Այս առումով ատոմակայանի նշանակությունը շատ մեծ է: Եվ այս պայմաններում դժվար թե այլ երկիր, բացի Ռուսաստանից կարողանար իր վրա վերցնել ատոմակայանի շահագործման ֆինանսական եւ տեխնիկական պրոյեկտի իրագործումը, քանի որ այն մեր տարածաշրջանում ունի ատոմակայան կառուցելու բացարձակ մենաշնորհ»,- ասաց նա:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100