ՀՀԿ փոխնախագահ. «Տեր-Պետրոսյանը թոշակի չի գնում»

18:05 | Հուլիս 29, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը երկու օրից կլրանա Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման 2 տարին: Քաղաքական դաշտում` թե ընդդիմադիր եւ թե իշխանամետ շրջանակներում, ՀԱԿ-ի դերն ու նշանակությունը միանշանակ չի ընկալվում:

«Կոնգրեսն ունեցել է եւ հաջողություններ, եւ անհաջողություններ: Հաջողություններն արձանագրվել են ընդդիմադիր դաշտում միասնական գործելու, եւ որոշ դեպքերում, եսակենտրոն քաղաքականության արդյունքում ձախողումներ են արձանագրվել»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Բոլոր դեպքերում նա չի գտնում, թե ՀԱԿ-ը բեկում է մտցրել քաղաքական դաշտում. «Բեկում լինում է այն ժամանակ, երբ երկրում առկա խնդիրները լուծվում են»:

Որպես ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանի համար անհասկանալի էր ՀԱԿ-ի պահվածքը հայ-թուրքական հարաբերություններում եւ Երեւանի ավագանու ընտրություններում. «Հայ-թուրքական հարաբերություններում, եթե կոնգրեսը մասնակցեր «Ոչ»-ի շարժմանը, մենք կունենային իշխանափոխություն: Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում էլ ընդդիմությունը պետք է միասնական ցուցակով հանդես գար, եւ մենք հաջողություն կարձանագրեինք: Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում «Ժառանգությունը» չցանկանալով, որ բախում լինի ընդդիմադիր դաշտում, զիջողականություն ցուցաբերեց, որը ես կարծում եմ` սխալ էր»: Առաջիկայում ինչպիսին կլինի ՀԱԿ-ի դերը քաղաքական դաշտում, Մարտիրոսյանի կարծիքով, կախված է նրանից, թե ՀԱԿ-ն ինչպես կսպասարկի հասարակական շահը:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը չի կարծում, որ ՀԱԿ-ը ընդամենը 2 տարի է քաղաքական դաշտում եւ ՀԱԿ ասելով` նա հասկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին.

«Լեւոնը ի հայտ եկավ քաղաքական երկնակամարում եւ պետք է ցուցադրեր, որ եկել է ուժեղ Լեւոն եւ ամեն ինչ պետք է փոխի: Կյանքը ցույց տվեց, որ այդպես չէ: Ընդամենը բռունցքները թափահարելով, մենք տեսանք, թե ինչ եղավ` մարտի 1, զոհեր եւ քաղաքական պետական, հոգեբանական ճգնաժամ»:

Զոհրաբյանին ընդհանրապես մտահոգում է ընդդիմություն եւ իշխանություն հարաբերությունները. «Մեր երկրում ընդդիմությունն ու իշխանությունները կարծես երկու թշնամական պետություններ լինեն, որ պայքարում են միմյանց դեմ»:

Որպես իշխանության ներկայացուցիչ Զոհրաբյանը կարծում է, որ այսօր մի քանի Կոնգրես է պետք, որպեսզի իշխանությունները ընդդիմությանն իրենց համարժեք մրցակից համարեն. «Մենք հիմա մեզ մի քիչ հանգիստ ենք մեզ պահում, որովհետեւ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ն այսօր միասնական չեն»:

Ռազմիկ Զոհրաբյանը չի կիսում այն տեսակետը, թե ԼՂ հարցում եւ հայ-թուրքական հարաբերություններում ՀՀԿ-ի եւ Կոնգրեսի մոտեցումները նույն են. «Եթե Տեր-Պետրոսյանը մեզ նման մտածեր, կամ պետք է մեզ միանար, կամ գնար թոշակի: Իսկ նա թոշակի գնալու մտադրություն չունի: Նա նոր ծրագրեր է առաջարկել, որոնց մեծ մասը մեզ դուր չի գալիս, բայց նա գործում է»:

 

 

Share |
Rambler's Top100