Կոսովոն կարող է նախադեպ լինել

16:32 | Հուլիս 28, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը զգուշանում է Սերբիայի նման հարցը իրավական դաշտ տանելուց, որովհետեւ իրավական ոչ մի կտոր հիմք չունի Ղարաբաղը հռչակելու որպես իր տարածքի մի մաս: Նման համոզման է Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա` Ղարաբաղը խորհրդային օրենքներով Ադրբեջանի կազմից դուրս է եկել եւ դատարան դիմելու կարիք չկա:

Ինչ վերաբերվում է Հաագայի դատարանի Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ որոշմանը, ապա Կիրո Մանոյանը համամիտ չէ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի արտահայտած այն մտքին, թե դա նախադեպ լինել չի կարող. «Եթե դա ասել է որպես համալսարանի դասախոս, պետք է աշխատանքից ազատեին, համոզված եմ, որ հաջորդ նման խնդրի դեպքում միջազգային դատարանը հղում է անելու այս որոշմանը»:

Կիրո Մանոյանը զարմացած է դատարանի որոշումից հետո ԼՂՀ հանգստության վրա. «Արցախը չհասկացա, հավաք պետք է աներ, չարեց: Սա այն դեպքն է, որ Արցախի ձայնը հնարավորինս պետք է բարձր լսվի ոչ թե մինչեւ Երեւան, այլ Երեւանից այն կողմ: Այն, որ կուսակցությունները հայտարարություն կատարեցին, որ նախագահը հայտարարություն կատարեց, բավարար չէր: Պետք էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղի վրա»:

Անդրադառնալով Հայաստանի ԼՂՀ անկախության ճանաչմանը` նկատեց, որ դեռ ժամանակը չէ. «Ճիշտ չէ ասել, որ Հայաստանը չի ճանաչել, ճիշտ չի ասել, որ դե յուրե ճանաչել է: Դե ֆակտոյից մի քիչ էլ ավել ճանաչել ենք, որովհետեւ ունենք միջպետական պայմանագիր: Հայաստանի կողմից ճանաչումը կհեշտացնի մյուսների կողմից ճանաչումը, սակայն դա չի նշանակում, որ անպայման այսօր այս պահին Հայաստանը ճանաչի»:

Ապա ավելացնում է, որ եթե բանակցությունները մտնեն փակուղի, պարզ է` Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի. «Այսօրվա ճանաչումը կարող է դիտվել Հայաստանի կողմից խոչընդոտող քայլ»:

Իսկ համապատասխան մարմիններին Կիրո Մանոյանը կոչ է անում անընդհատ շեշտել եւ հիշեցնել միջազգային քաղաքական շրջանակներին Արցախի խնդրի հոլովույթները. «Մարդիկ սկսել են մոռանալ կամ նոր մարդիկ են եկել այդ ժամանակ որպես քաղական դերակատարներ եւ խոսում են մի քիչ այլ ձեւով»:

 

Share |
Rambler's Top100