Վաղն առավոտյան Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, ով ուղիղ 2,5 տարի անազատության մեջ էր: Նա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Միջադեպը տեղի էր ունեցել Թալինում` 2008 թվականի նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
Հիշեցենք, որ այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Թալինում արձանագրված տհաճ միջադեպը որակել էր «պրովոկացիա, ԱԱԾ-ի կողմից սադրանք» :
2008թ հունվարի 27-ին, երբ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր թալինցիներին, հանկարծ լսվել է մի ձայն, «Լեւոն, թալինցիները քեզ հետ չեն»: Զայրացած թալինցիները շրջվել եւ փորձել են կարգի բերել իրենց հանդիպումը ձախողել փորձողին` Սարգիս Կարապետյանին: Հենց նրան ծեծելու մեղադրանքով են դատապարտվել Ժորա Սափեյանն ու նրա եղբայրը` Մկրտիչը, վերջինի որդին` Անդրանիկը, նրանց քրոջ որդի Հայկ Գեւորգյանը:
Մկրտիչ Սափեյանը դատապարտվել էր 2 տարվա, Ժորա Սափեյանը՝ 2,5 տարվա, Հայկ Գեւորգյանը՝ 1,5 տարվա ազատազրկման:
Անդրանիկ Սափեյանի նկատմամբ, որնն անչափահաս է, դատարանը վճռել էր պատիժը սահմանել պայմանականորեն՝ 1,5 տարվա փորձաշրջանով:
Նրանցից որեւէ մեկը չի ընդունել իրենց հասցեագրված հանցանքը:

