Կիսում է Տեր-Պետրոսյանի տեսակետը

18:37 | Հուլիս 27, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացում արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը առաջիկայում տեղաշարժ չի կանխատեսում:

Նրա կարծիքով վերջին շրջանում Թուրքիան թուլացրել է իր հետաքրքրությունը Հարավային Կովկասի, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ.«Վերջին շրջանում թուրքական դիվանագիտությունը ակտիվացել է մերձավոր Արեւելքում: Դրանով է պայմանավորված նաեւ այս օրերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի այցը Թուրքիա, որը Թուրքիային հորդորում է չթուլացնել իր ջանքերը ԵՄ-ին ինտեգրվելու հարցում»:

Հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են այսօր ցանկանում Թուրքիային տեսնել ԵՄ կազմում` պարոն Սաֆրաստյանն ասաց. «Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ -ն գտնում են, որ Թուրքիան անպայման պետք է անդամակցի ԵՄ-ին: Արեւմուտքում եւ աշխարհում մտավախություն կա, որ Թուրքիան ավելի խորը համագործակցության է գնում իսլամական աշխարհի հետ»:

Պարոն Սաֆրաստյանը գտնում է, որ այն հարցերում, որտեղ Թուրքիան իր շահն ունի, նրա վրա ճնշումներ գործադրելն անիմաստ է. «Թուրքական դիվանագիտությունը, դեռեւս Օսմանյան կայսրությունից շատ մեծ փորձ ունի ճնշումներին դիմակայելու` որոշակի քայլերից խուսափելու համար: Դա պետք է լինի Թուրքիայի որոշումը: Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձեռք է բերում ավանտյուրիստական դրսեւորումներ»:

Թուրքիայի վերաբերյալ դատողություններ անելիս` թուրքագետը գտնում է, որ պետք է հաշվի առնել նաեւ այդ երկրի այսօրվա ներքաղաքական իրավիճակը:

Թուրքագետը համոզված է, որ ԼՂ հիմնախնդրում Թուրքիայի դերը կրում է ցուցադրական բնույթ. «Իրականում Թուրքիան դուրս է բանակցային գործընթացից: Դուրս է միջնորդական գործընթացից: Ցանկության դեպքում Թուրքիան միայն բարի կամք կարող է դրսեւորել գործընթացում, սակայն նա միակողմանի պաշտպանում է Ադրբեջանին եւ դրանով իսկ թուլացնում իր դիրքերը` իրական ազդեցություն ունենալու հարցում»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախկին համանախագահ Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելուն, ապա Ռուբեն Սաֆրաստյանը չի կարծում, թե Բրայզան կարող է էական ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման գործընթացում. «Ես մեծ նշանակություն չեմ տալիս Բրայզայի նշանակմանը: Նա անհավասարակշիռ դիվանագետ է: ԱՄՆ կարող էր ավելի լուրջ թեկնածու գտնել»:

Ի դեպ, Ռուբեն Սաֆրաստյանը կիսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, թե ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին այսօր ՌԴ-ի ձեռքում է. «Դա այդպես է: ԱՄՆ հարավային Կովկասը իր ուշադրության կենտրոնում չի պահում: Ես վաղուց էի ասել, որ 2008թ.ռուս-վրացական հակամարտությունը, որն ավարտվեց Վրաստանի ջախջախիչ պարտությամբ, փոխեց վիճակը Հարավային Կովկասում` ստեղծվեց նոր ստատուս քվո, որը բնութագրվում է Ռուսաստանի դիրքերի կտրուկ ուժեղացմամբ»:

 

 

Share |
Rambler's Top100