Յովանովիչը «խաղաղության աղավնի չէ»

17:59 | Հուլիս 27, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի միջեւ առաջիկայում հանդիպում է նախատեսված, այսօր հաստատեց այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Միաժամանակ նա հարկ համարեց նշել, որ այդ հանդիպումը որեւէ կապ չունի այսօր մամուլում հրապարկված այն լուրերի հետ, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «աղավնու» դեր է ստանձնել եւ պատրաստվում է հաշտեցնել Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին. «Մամուլում հրապարակվել է, թե Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նախատեսվում է ընտրական բլոկ ստեղծել: Դա լիակատար աբսուրդ է: Չի կարող համագործակցություն լինել մի իշխանության հետ, որը պատասխանատու է մարտի 1-ի համար, որը քաղբանտարկյալներ է պահում, թալանում է այս երկիրը, որը թաթախել է երկիրը կոռուպցիայի մեջ»:

Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Լեւոն Զուրաբյանը միայն մեկ հարցում է հնարավոր համարում համագործակցությունը. «Այս ավազակապետության հետ համագործակցություն կարող է լինել միայն նրանց հեռանալու մասին»:

Այսօր ՀԱԿ ասելիքը ունի հասարակությանը եւ իր խոսքը տեղ հասցնելու լավագույն միջոցը, ըստ Զուրաբյանի, հանրահավաքներն են: Վաղը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում, որը վարելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը կհստակեցվի առաջիկա հանրահավաքի օրը:
«Հանրահավաքի ընթացքում կանդրադառնան մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերին` ԼՂ հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, սոցիալական, տնտեսական խնդիրներ, կոռուպցիա, ընդհանրապես քաղաքական համակարգի բարելավում, ավազակապետությունից ազատվելու հնարավորությունները»,-ասաց նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածը որպես ԼՂ-ն հանձնել ներկայացնելը Լեւոն Զուրաբյանը համարում է «կեղտոտ հնարք».

«Ոչ թե քննադատում են Տեր-Պետրոսյանի ասածը, այլ խեղաթյուրում են նրա ասածը: Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ լսում են այն, ինչը չկար: Սա նաեւ ընկալման խնդիր Է: Անհանգստանալու կարիք չկա: Շատ լավ է, որ Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր ելույթ արժանանում է բուռն քննարկման: Դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է տիրապետել բոլոր մտածմունքներին, անհանգստություններին»,-ասում է նա:

Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը հիասթափեցրել է բոլոր նրանց, այդ թվում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, որը երեկ հայտարարել է, թե Տեր-Պետրոսյանը ցանկանում է գնալ «թոշակի». «Դա նրանց ամենամեծ երազանքն է, որ Տեր-Պետրոսյանը հեռանա քաղաքականությունից: Ոչ ոք այս իշխանությունների համար այդքան խնդիր չի ստեղծել, որքան Տեր-Պետրոսյանը: Նրանք իրենց սարսափի սփոփման միակ ձեւը Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից հեռանալն է: Ցանկալին իրողություն ներկայացնելը ամենամեծ հիվանդություն է: Ցավոք, մեր իշխանությունները հենց այդ հիվանդությամբ են տառապում»:

 

Share |
Rambler's Top100