Միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ այդ երկրների ղեկավարների մոտ արդեն հստակեցված է Ղարաբաղի հարցի լուծումը: Այս կարծիքին է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա պնդում է, որ այդ երկրները պարբերաբար այդ շեշտադրումները անում են, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում են Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների շրջանակներում:
«Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները ուժի եւ սպառնալիքի բացառումն է, տարածքային ամբողջականություն եւ ազգերի իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունք: Խնդիրը, իհարկե, համանախագահները ուղղում են Ադրբեջանին, որովհետեւ միայն նա է խնդրի լուծումը տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսակետից»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Նա Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը կարեւորելով փաստեց, որ Ադրբեջանը պետք է դրանից հետեւություն անի եւ թեկուզ ներքաղաքական օգտագործման տեսակետից խուսափի միջազգայի իրավունքից միայն իրեն ձեռնտու մասով քարոզչություն անել, որովհետեւ կգա մի օր, որ պատասխան կտա:
«Այն շատ լավ նախադեպ է, որ կարող է նպաստել Ղարաբաղի հարցում ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջ մղելուն»,- նկատում է ԱԺ փոխնախագահը: Ապա ավելացնում, որ եթե Մինսկի գործընթացի շրջանակում սպառվի հակամարտությունը լուծելու հնարավորությունը, ապա Հայաստանը կնախաձեռնի ԼՂ-ի անկախության ճանաչումը:
Սամվել Նիկոյանը չի բացառում ռազմական գործողությունները, քանի որ «եթե ուզում ես խաղաղ ապրել, պետք է պատրաստ լինես պատերազմի»: Ինչ վերաբերվում է Ալիեւի հայտարարություններին, որ իրենք հզոր են եւ կարող են երեք օրում Հայաստանը գրավել, ապա. «Երբ այդ շանտաժը ներկայացնում ես ժողովրդին, ինչ է ավելի հզոր ես, քան միջնորդ երկրները: Պետք է Ալիեւին հարց տալ, ուր էիր դու պատերազմի ժամանակ: Դու փախել էիր արտասահման»:
Ի դեպ, իշխանության ներկայացուցչի համար բավական տհաճ է եղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ վերջին համագումարում հնչեցրած վատատեսությունը: Ըստ Նիկոյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե ուզում եք լավ ապրել, պետք է ԼՂՀ հանձնենք, ինչը Հայաստանի պաշտպանունակությունը քայքայող տրամաբանություն է: Նա կարծում է, որ դա ընկալվեց որպես հայտարարություն ի օգուտ Ադրբեջանի, սակայն ինքը այնքան էլ այդ կարծիքին չէ. «Իմ խորին համոզմամբ հայտարարությունը արվել է իր շրջապատին: Դա 12 տարի առաջ գրված «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի շարունակությունն էր, որը կարելի է վերնագրել «Կապիտուլյացիա»: Տեր-Պետրոսյանն այդպիսով փորձեց իր շրջապատին ասել, որ ինքն այդպես է մտածում եւ ուղարկեն իրեն թոշակի»:

