«Ուզում են ընդամենը վախեցնել»

12:01 | Հուլիս 26, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունն այսօր նորից հետաձգվեց:

Սարգիս Գեւորգյանի նոր փաստաբան Ստեփան Ոսկանյանը դեռեւս չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին, քանի որ բացակայել է երկրից: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը մինչեւ հուլիսի 30-ը:

Ինչ վերաբերում է նախկին պաշտպան Մելանյա Առուստամյանին, ապա ինչպես «Ա1+»-ին պարզաբանեց Սարգիս Գեւորգյանը` նրա ծառայություններից հրաժարվել է որոշ տարաձայնությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել էին մայիսի 31-ին` Ազատության հրապարակի մերձակա տարածքից: Սարգիս Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության հոդվածով: Վերջինս, 1 ամիս անցկացնելով կալանավայրում, ստորագրությամբ ազատ էր արձակվել հուլիսի 2-ին:
Մեզ հետ զրույցում Սարգիս Գեւորգյանը նշեց, որ դատավարությունից իր ակնկալիքները բացասական են. «Պարզ է, որ դատավորը քաղաքական պատվեր է իրականացնում: Իր դատավճռում հիմնականում լինելու են որոշ պաշտոնյաների ցանկությունները»:

Ըստ ՀԱԿ մեղադրյալ ակտիվիստների` թե քրեական այս գործով, թե Ազատության հրապարակի դեպքերով, թե այս դատավարությամբ ուղղակի փորձում են վախեցնել մյուս ակտիվիստներին կամ «այն մարդկանց, որ հնարավոր է միանան նրանց ու շարունակեն պայքարը իշխանությունների դեմ»: «Ուզում են ընդամենը վախեցնել: Խայտառակ գործ է ուղղակի»,- ավելացրեց Սարգիս Գեւորգյանը:

Նշենք, որ այս գործով անցնում են երկու տուժող եւ վեց վկա:

 

Share |
Rambler's Top100