Ղրղըզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները քաղաքացիների վերջին եւ միակ ճանապարհն էին: «Ա1+»-ի հետ զրույցում այս կարծիքն հայտնեցին իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանն ու Արթուր Սաքունցը:
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ողջունելի է համարում ղրղըզ ժողովրդի ընդվզումը իշխանությունների դեմ. «Եթե ժողովուրդն է որոշել իշխանությունը փոխել, դա նորմալ է: Ես չգիտեմ` ով է հրահրել կամ ֆինանսավորել այն, սակայն կարեւոր է, որ ժողովուրդն ինքն իր մեջ կարողացել է ուժ գտնել ընդվզելու»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով` Ղրղըզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցայտուն օրինակն են այն բանի, որ իշխանությունների` անօրինական դաշտ մտնելն ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ: Ըստ նրա` Ղրղըզստանում արդեն նախադեպ է ձեւավորվել իշխանափոխություն ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման ճանապարհով:
Վկայակոչելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանը`ասաց. «Հռչակագրի նախաբանում հստակ նշված է` իշխանությունը ոչ մի անգամ չպետք է ընդունի այնպիսի օրենքներ, որոնք քաղաքացիներին իբրեւ վերջին միջոց` թողնի միակ ճանապարհը` ապստամբել»:
«Արդյոք իշխանության ղեկն իր ձեռքը վերցրած ընդդիմությունը հետագայում կկարողանա՞ ձեւավորել մի միջավայրը, որ այլեւս չլինեն նման հեղաշրջումներ: Սակայն հիմա թիվ մեկ խնդիրն է` դադարեցնել խժդժությունները»,-շարունակեց Արթուր Սաքունցը:
Մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է ղրղըզական սցենարի կրկնություն, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նշեց. «Ամեն դեպքում հնարավոր է հեղափոխություն, միայն ժողովրդի շատ լուրջ կամք է հարկավոր եւ շատ նորմալ ընդդիմություն, որ կարողանա ժողովրդին իր ետեւից տանել»:
Իսկ Արթուր Սաքունցը կարծում է. «Հայաստանում ընդդիմադիր ուժերն ավելի սկզբունքային, հետեւողական պայքարի ճանապարհ են ընտրել եւ ապստամբության ճանապարհով չեն գնա հեղափոխության, ինչպես տեղի ունեցավ Ղրղըզստանում»:
Ինչ վերաբերում է Հայաստանում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին, ապա նրա կարծիքով` դրանք համակարգային բնույթ են կրում, որտեղ «դատական մարմինները պատժիչ գործիք են դարձել իշխանությունների ձեռքին»:
Իսկ թե արդյոք Երեւանում անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը (FIDH) կբերի դրական փոփոխություններ, Միքայել Դանիելյանը նշեց. «Եվրոպայի խորհուրդը մարտի 1-ից մինչ օրս Հայաստանի մասին 4 բանաձեւ է ընդունել, ինչ-որ բան փոխվե՞ց: Երբ կասեցնեն Հայաստանի ԵԽ անդամակցությունը, այն ժամանակ ինչ-որ բան կարելի է սպասել»:
Արթուր Սաքունցի համոզմամբ` համաժողովի հետ կապված իշխանությունների ծրագրավորված «ներկայացումը» ձախողվեց: «Ձախողվեց իշխանությունների այն իմիտացիան, թե իբր իրենք կամք ունեն մարդու իրավունքների ասպարեզում կատարելու փոփոխություններ»:

