Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը: Դատարանը`Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, որոշեց մերժել փաստաբանների և մեղադրողների վերաքննիչ բողոքները, իսկ «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ` պատիժը կիսով չափ կրճատեց:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ 316-րդ հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով ընդհանուր իրավասության դատարանը նրան արդարացրել էր:
Վերաքննիչ դատարանից արդարացման դատավճիռ էին ակնկալում Նիկոլ Փաշինյանի պաշտպանները, իսկ դատախազը պահանջել էր Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել նաեւ 316 հոդվածով:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ գկլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն «Ա1+»ի հարցին, թե կարելի է ակնկալել համաներում, պատասխանեց, որ եթե Նիկոլի նկատմամբ համաներում չկիրառեն, դատախազությունը կբողոքարկի:
Դատարանը կանխեց դատախազության հնարավոր «բողոքարկումը»:

