ԵԱՀԿ նախագահը կժամանի Հայաստան

16:48 | Մարտ 09, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը:

Նախանշված են նրա հանդիպումները ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաեւ այց 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստան այցի երկրորդ օրը Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ -Ռոթ սեմինարին:
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը տարածաշրջանային այցը սկսել է Վրաստանից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստան երկօրյա այցի շրջանակում նախատեսում է հանդիպել Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ: «Փորձելու ենք խորհրդարանական մակարդակում գտնել Վրաստանի առաջ ծառացած բոլոր խնդիրների լուծումը»,-ասել է նա:

Ժոաո Սոարեշը նախ հանդիպել է Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի հետ, իսկ հանդիպումից հետո հայտարարել, որ ԵԱՀԿ դիտորդները վերադառնալու են Վրաստան.
«Այդ հարցի շուրջ կոնսենսուսի հասնելու համար ԵԱՀԿ-ն շարունակելու է պայքարը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը Վրաստանում պաշտոնապես ավարտեց 2009 թվականի հունիսի 30-ին, երբ Ռուսաստանը վետո դրեց Վրաստանում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման վրա:
Սոարեշը, միաժամանակ, նշել է, որ իր ղեկավարած կառույցը մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանում փախստականների հարցերին եւ ինքը մտադիր է այցելել Զերովանի կոչվող տարածք, որտեղ բնակվում են Ցխինվալիի փախստականները:

ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հանդիպել է նաեւ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ցերետելիի հետ: Վերջինը նրա հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ամռանը Օսլոյում նախանշված ԵԱՀԿ Խորհրդարանական Գագաթաժողովի ժամանակ հնարավոր է Աբխազիայի եւ Հարվային Օսիայի տարածքների առնչությամբ ընդունվի հատուկ բանաձեւ:
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Բաքուն է,ուր նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի նախագահի հետ:

Ավելացնենք, որ սա ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում Ժոաո Սոարեշի Հարավկովկասյան տարածաշրջան առաջին այցն է: Նրա գլխավորած պատվիրակության անդամների թվում է Վրաստանի եւ ԼՂ հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100