«Մինչեւ չպարզվի մարտի 4-ին ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցածը, Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը ԱՄՆ չի վերադառնա»,-Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ էրդողանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը նշել է, որ. «Անկարան պատրաստվում է իրավիճակը գնահատել լայն մասշտաբով եւ հետ չի ուղարկի իր դեսպանին, մինչեւ ԱՄՆ-ի կողմից հստակ արդյունք չտեսնի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևի քվեարկության ավարտից անմիջապես հետո պաշտոնական Անկարան խոհրդակցություններ անցկացնելու նպատակով հետ կանչեց ԱՄՆ-ում իր դեսպան Նամիգ Թանին:
Վերոհիշյալ քվեարկության ողջ գործընթացը Էրդողանը բնորոշել է որպես կատակերգություն: «Այդ ինչպե՞ս պատահեց, որ 46 կոնգրեսականներից միայն 42-ը մասնակցեցին քվեարկությանը: Իսկ ո՞ւր էին այն մյուս 4-ը եւ ինչո՞ւ էր այդքան երկար ժամանակ պահանջվում քվեարկությանը կոնգրեսականների ներկայանալու համար: Այն ամենը ինչ կատարվեց մարտի 4-ին ԱՄՆ կոնգրեսում ամենեւին էլ սազական չէ թե Կոնգրեսին, թե Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նրա խոսքով, նման բանաձեւի ընդունումը վերաբերում է միայն Թուրքիային, եւ հիմա Անկարան սպասում է Վաշինգտոնի հետագա քայլերին:
«Կոնգրեսականների որոշումը պարտադիր չէ, մինչդեռ վերաբերմունքը կարեւոր է: ԱՄՆ-ը միշտ եղել է Թուրքիայի ռազմավարական գործընկերը եւ այդ երկրի հետագա վերաբերմունքը շատ կարեւոր է մեզ համար»,-ասել է Էրդողանը եւ ավելացրել, թե Անկարան եւ անձամբ ինքը չի հավատում, որ ԱՄՆ-ը կզոհաբերի իր մարտավարական գործընկերոջը հանուն մի պարզ քաղաքական քննարկման:

