Իսրայելը, Թուրքիան եւ թիվ 252 բանաձեւը

17:05 | Մարտ 05, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք թիվ 252 բանաձեւը չի ունենա իր նախորդների ճակատագիրը: ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի լիագումար նիստում:

«Նախորդ բանաձեւի ոդիսականին ականատես եղանք 2007թ., երբ այն ընդունվեց ավելի շատ ձայներով, սակայն ուժ չստացավ լիագումար նիստում` թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները չվտանգելու հիմնավորմամբ:

Այս անգամ այդ մտահոգությանը ավելացավ մեր իշխանությունների նվիրաբերածը` հայ-թուրքական անավարտ եւ հայհոյախառն սիրախաղին չխանգարելը»,-ասում է ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա` 2007թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիային սպառնալը լուրջ խնդիր լուծեց. «Նա տեղից շարժվեց եւ հայկական հարցի նկատմամբ ուրացման, մերժման ու պատժիչ քաղաքականության իր նպատակներին հասնելու գործընթաց սկսեց Հայաստան հետ»:

Երեկ տեղի ունեցածը, ըստ Սաֆարյանի, ընդամենը Թուրքիային սթափեցնելու եւ արձանագրությունների վավերացման, Աֆղանստան զորախումբ ուղարկելու, իր տարածքում ԱՄՆ հակահռթիռային պաշտպանության կայան տեղադրելու, տարածաշրջանում Արեւմուտքի համար ընդունելի քաղաքականություն վարելու հարցերում թուրք-ամերիկյան համաձայնություններ ձեռքբերելուն դրդող հաշվարկված սարսափեցում է:

«Այդ խնդիրներով սակարկություններն անշուշտ սկսվելու են Թուրքիայում կրքերը հանդարտվելուց եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ բանակցելու անհրաժեշտության գիտակցումից հետո»,-կարծում է Ստեփան Սաֆարյանը:

ՙԺառանգությունը՚ մտահոգություն ունի, որ Հայաստանի իշխանությունները գերագնահատում են իրենց վարած արտաքին քաղաքականությունը, համարում, որ Հայաստանը վարձահատույց եղավ ԱՄՆ-ի ու միջազգային հանրության հորդորները բավարարելու եւ կառուցողական դիրքորոշման համար:

«Այսօր վտանգն այն է, որ Հայաստանի իշխանություններն այս էյֆորիայի մեջ փորձեն շարունակել նույն ոգով, տեղի տան առաջիկայում սպասելիք հորդորներին ու ճնշումներին` վավերացնելով արձանագրություններն անգամ առաջինը, եւ սպասելով, թե Կոնգրեսը ուժ կտա՞ բանաձեւին: Իսկ սա կնշանակի` ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբամային հերթական առիթը տալ վերընթերցելու 2009թ.-ի իր ուղերձը եւ հայտարարելու, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ հարվածել վավերացման փուլ թեւակոխած հայ-թուրքական գործընթացին: Նույնը կրկնվելու է նաեւ Կոնգրեսի լիագումար նիստում հարցի քննարկումը վիժեցնելիս»,-եզրափակում է Ստեփան Սաֆարյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100