«Եղեռնի ճանաչման ժամանակը գալիս է»

13:02 | Մարտ 05, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը պետք էր առաջին հերթին ոչ թե մեզ` հայերիս, այլ հենց հանձնաժողովին, որ կարողացավ վեր կանգնել ռեալ պոլիտիկի շահերից, եւ առաջնորդվել համամարդկային արժեքներով». այս կարծիքին է ԵՊՀ Սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր, Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի անդամ Լյուդմիլա Հարությունյանը:

Նա համոզված է, որ այսօր Թուրքիան էլ արդեն կամաց-կամաց հասկանում է, որ «Եղեռնի ճանաչման ժամանակը գալիս է», եւ ըստ սոցիոլոգի, այսօր փոխվել է թշնամու կերպարը եւ հայերի համար, եւ թուրքերի:

Տիկին Հարությունյանը հետեւել էր երեկ թուրքական հեռուստատեսությամբ բանաձեւի քննարկմանը զուգահեռ Էրդողանի ելույթին, որում նա խոսում էր ժողովրդավարությունից: Լյուդմիլա Հարությունյանը վստահ է, որ Էրդողանը խոսում էր Թուրքիայում ժողովրդավարության կայացման անհրաժեշտության մասին եւ որ, ի վերջո, Թուրքիան կքայլի ժողովրդավարության արահետով:

Իսկ «Ա1+»-ի հարցին, թե արդյոք նա երկակի խաղ չի տանում, երբ մի կողմից խոսում է ժողովրդավարության մասին, մյուս կողմից վերջնագրերի լեզվով սպառնում է ԱՄՆ-ին` կոչ անելով չվնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին, տիկին Հարությունյանն ասաց, որ ավելի լավ է մենք` հայերս, փորձենք կայացնել մեր երկիրը, ժողովրդավարությունը մեր երկրում, քան քննարկենք Թուրքիայի վարքագիծը:

Տիկին Հարությունյանը պատրաստ է ներել թուրքերին,եթե վերջիններս ճանաչեն ցայերի ցեղասպանությունը եւ ներողություն խնդրեն, որովհետեւ գոյություն ունի կոլեկտիվ հիշողություն, որը անտեսելով` հնարավոր չէ հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման:

Իսկ հուշարձանագետ, հնէաբան Սամվել Կարապետյանն անգամ պատրաստ չի ներել ներողություն խնդրող թուրքին: «Սա մշտական բանավեճ է»,-նկատեց Լյուդմիլա Հարությունյանը, որ կլինի հայերի տարբեր խմբերի միջեւ, խումբ էլ կա, որ պատրաստ է այսօր, հենց այսպես շարունակել ապրել առանց ներողության եւ
«առանց կորսված» հայրենիքի պահանջատիրության:

Սամվել Կարապետյանը չի ընդունում «կորսված հայրենիք» եզրույթը:
«Դա գերեվարված հայրենիք է եւ ոչ մեկ թիզ կորսված հայրենիք, եւ այս մտածելակերպը պետք է արմատավորել սերունդների մեջ»,-ասաց Կարապետյանն ու ընդգծեց, որ այսօրվա սերունդը, որ ընդամենը երրորդ սերունդն է, չի ճանաչում այն հայրենիքը, որից սերում է: Իսկ մի օր այդ հայրենիքը ազատագրվելու է,- վստահ է Սամվել կարապետյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100