Վերաքննիչ դատարանը այսօր հրաժարվեց լսել այն վկաններին, որոնց աչքի առաջ տեղի է ունեցել 2008թ.մարտի 1-ի 10 զոհերի սպանությունները: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի, այդ ականատեսները հիմնականում զինվորականներ են, որոնց անվտանգությունը պետք է երաշխավորել:
Վերաքննիչ դատարանը` դատավոր Սերժի Ավետիսյանի նախագահությամբ մերժեց փաստաբանի միջնորդությունը: Այսօր դատավորը Նիկոլ Փաշինյանին կրկին արգելեց խոսել մարտի 1-ի դեպքերի եւ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին` նշելով, որ դա դուրս է բողոքի շրջանակներից: «Իսկ այդ դեպքում 10 զոհերի սպանություններն ինչպե՞ս են հայտնվել իմ գործում: Ինչո՞ւ ես պետք է պատասխան տամ Ռոբերտ Քոչարյանի կատարած սպանությունների համար: Իշխանությունները 10 մարդ են սպանել, դրանից մեր հանցանքն է ծանրացե՞լ: Եթե Քոչարյանը 20 մարդ սպաներ, մեր հանցանքն ավելի կծանրանար, իսկ եթե 500 մարդ սպաներ, այդ դեպքում մեզ կմեղադրեին ցեղասպանության մեջ: ՀՀ քաղաքացիներից որեւէ մեկը երաշխիք չուներ, որ մարտի 1-ին զոհ չի դառնա»,- իր ամփոփիչ խոսքում ասաց Փաաշինյանը:
Այսօր նա կրկին նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչները որեւէ կապ չունեն 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների եւ սպանությունների հետ: «Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ապրում մեր երազած ազատ եւ երջանիկ Հայաստանում», -իր խոսքն ավարտեց Փաշինյանը: Նրան ծափերով եւ վանկարկումներով ողջունելու համար դատավոր Ավետիսյանը դահլիճից դուրս հրավիրեց մի քանիսին:
Այսօր իրենց բողոքը ներկայացրեց նաեւ մեղադրող կողմը: Մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց, թե Փաշինյանի փաստաբանների Վերաքննիչ բողոքը անհիմն է եւ դատարանը պարտավոր է այն մերժել: Հիշեցնենք, որ Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Քր. դատ. 225 հոդվածի 1-ին մասով Փաշինյանին ազատազրկման է դատապարտել 7 տարի ազատազրկման: Իրենց վերաքննիչ բողոքում Փաշինյանի փաստաբանները դատարանից պահանջում են արդարացնել Փաշինյանին` հանցակազմի բացակայության պատճառով:
Մեղադրողներից այսօր ելույթ ունեցավ նաեւ Կորյուն Փիլոյանը, սակայն նա ոչ թե անդրադարձավ իրենց` մեղադրող կողմի կամ Փաշինյանի փաստաբանների բողոքին, այլ դիմեց Փաշինյանին. «Այդ ինչո՞ւ էիք, մարդկանց սուտ լուրեր տարածում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ի ընտրություններում 60 տոկոս ձայներ է հավաքել: Ինչո՞ւ էիք կեղծ լուրերով մարդկանց մեջ ատելություն սերմանում»:
Երկօրյա դատավարության ընթացքում դատավոր Ավետիսյանը առաջին անգամ մեղադրող Կորյուն Փիլոյանին ընդհատեց, թե նրա հարցերը գործին չեն առնչվում: Որքան էլ դատավորը պարբերաբար կրկնում էր, որ Փաշինյանի գործը կապ չունի 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների հետ, սակայն հենց Փաշինյանի դատապարտող վճռում տեղ է գտել. «2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը» տողը:
Ինչեւէ, Սերժիկ Ավետիսյանը մինչեւ դատավարության ավարտը, այդպես էլ գաղտնի պահեց, թե ինչ ընթացակարգով է վարում նիստը:Միայն դատավարության ավարտին այսօր նա հրապարակեց, թե կարիք չկա բողոքը քննել վերաքննության կարգով: Այսինքն, նիստը ընթացել էր վճռաբեկության կարգով եւ որեւէ վկա դատարան չէր հրավիրվելու: Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանի 3 դատավորներն այսօր անցան խորհրդակցական սենյակ: Փաշինյանի եւ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքների վերաբերյալ վճիռը կհրապարակվի մարտի 9-ին` ժամը 11.00-ին:
«Մենք կասկած չունենք, որ դատարանը կմերժի մեր բողոքը»,- «Ա1+»-ին ասաց Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

