Կընդունեն արդյո՞ք կոնգրեսականները

16:23 | Մարտ 04, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը:

Հանձնաժողովում քննարկումները սկսվելու են Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Քննարկումից հետո տեղի կունենա քվեարկություն եւ բանաձեւը ընդունված կլինի, եթե հանձնաժողովի 46 անդամներից առնվազն 24 -ը կողմ քվեարկի:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ հանձնաժողովում բանաձեւը կընդունեն, սակայն դժվարացավ ասել, կոնգրեսի քննարկման առարկա կդառնա, թե ոչ:

Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ԱՄՆ-ի շահերից բխո՞ւմ է հայերի ցեղասպանության ճանաչումը, նա ասաց. «Կարծում եմ, բոլոր երկրների շահերից է բխում պատմական արդարության հաստատումը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Շարմազանովը եւս լավատես է. «Իմ կարծիքով ամերիկյան հասարակության եւ քաղաքական վերնախավի համար այս հարցը ճշտված է: 50 նահանգներից 42-ը ճանաչել են ցեղասպանությունը, բազմաթիվ նախագահներ` Ջիմի Քարտները, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման, ժամանակին ասել են,արտաբերել են ցեղասպանություն բառը:

Այստեղ ավելի շատ ամերիկա-թուրքական հարաբերությունների խնդիրն է, որովհետեւ դրանք շատ բազմաշերտ են ու պրոբլեմատիկ այս պահին: Ես բնականաբար սպասում եմ, որ կընդունեն բանաձեւը»:

Շարմազանովը նկատում է, որ միամիտ կլինի այն քաղաքական գործիչը, որը այս բանաձեւի ընդունել-չընդունելով պայմանավորի մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

«Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու շատ տեղ ունեն եւ ես կողմնակից եմ ակտիվ զարգացման: Իսկ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը եւ արհեստական խոչընդոտներ ստեղծի, ապա միջնորդ երկրները կօգտագործեն իրենց լծակները Թուրքիային ճնշելու եւ ծնկի բերելու համար: Կարծում եմ` այս բանաձեւը ճնշման միջոցներից մեկն է»,- ասաց նա:

Բանաձեւի պրեամբուլայում նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915- 1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել:

Share |
Արխիվ
Rambler's Top100