Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի պաշտպանները արդեն 2 ժամ է ներկայացնում են 78 էջանոց բողոքը:
Չժխտելով, որ 2008թ մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգություններ են եղել, փաստաբանները հիմնավորում են, որ Նիկոլ Փաշինյանը դրանց հետ կապ չունի:
Վերաքննիչ բողոքում փաստաբաններն այսօր փաստեր ներկայացրին` հիմնավորելով, որ իրենց պաշտպանյալը պետք է ընդհանուր իրավասության դատարանի կողմից ոչ միայն արդարացվեր Քր օր. 316, այլեւ 225 հոդվածի 1-ին մասով:
Բողոքում ներկայացված են նաեւ այն վկանների ցուցմունքները, ովքեր նախաքննական մարմնին հայտնել են, թե Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկն է, իսկ դատարանում հայտարարել են, թե նրան առաջին անգամ են տեսնում:
Փաստաբանները կցել են նաեւ միջազգային այն կառույցների հայտարարությունները, որտեղ ասվում է, թե մարտի 1-ին ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառում է եղել:
Դեռեւս պարզ չէ, թե ինչ կարգով է իրականացվելու բողոքի քննությունը`վճռաբեկությա՞ն, թե վերաքննության:
«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանները մտավախություն ունեն, որ նախագահող դատավոր Սերժիկ Ավետիսյանը ցանկացած պահի իրենց կարող է անակնկալ մատուցել:
Հիշեցնենք, որ վճռաբեկության դեպքում կողմերը ընդամենը կարող են ներկայացնել իրենց բողոքները, պատասխանները եւ միջնորդություններ ներկայացնել: Վերաքննության կարգով քննության դեպքում կողմերը հնարավորություն ունեն նաեւ դատակոչել վկաների:

