«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկման դատապարտող Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի' «դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները» հատվածը սկսվում է հետեւյալ տողերով. «2008թ. փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»:
Այսօր Վերաքննիչ դատարանում իր բողոքի քննության ընթացքում Փաշինյանի կողմից այս փաստի մեջբերումը, մեղմ ասած, դուր չեկավ դատարանին: Ընդհանրապես' Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ Փաշինյանին արգելեցին իր խոսքում օգտագործել «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան, մարդասպաններ, օլիգարխներ, սափրագլուխներ» բառերը:
Ուշադրություն չդարձնելով' Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Ինձ մեղադրում են մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների մեջ: Բոլորին էլ գիտեն, որ մարտի 1-ին կրակելու հրաման է տվել Ռոբերտ Քոչարյանը: Մեր իշխանություններին պետք էր, որ մարտի 1-ով, որքան հնարավոր է շատ վճիռներ լինեն: Փետրվարի 19-ի ընտրություններում Սերժ Սարգսյանն այնքան ձայն չի հավաքել, որքան մարտի 1-ով վճիռներ է հրապարակվել»:
Այսօր մոտ 4 ժամ Նիկոլ Փաշինյանը տողառտող մեկնաբանեց իրեն դատապարտող վճիռը եւ հիմնավորեց, որ ինքը որեւէ կապ չունի 2008թ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների հետ: Փաշինյանը ընդգծեց, որ իրեն դատապարտող վճռի մեջ նշված է, Ալեքսանդր Արզումանյանի Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ «7-ի գործով» դատապարտված ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները, սակայն ոչ իր եւ ճիշտ հակառակը' նրանց գործում տեղ են գտել Փաշինյանին ելույթները. «Ըստ իմ դեմ կայացրած վճռի, ես հրամանատարներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի հրամանատարն եմ: Այսինքն, հրամանատարների հրամանատարն եմ: Դա ինձ համար մեծ պատիվ է, բայց նման ձեւակերպումը ծիծաղելի է»:
Փաշինյանն այսօր նաեւ հիշեցրեց, որ 2008թ փետրվարի 19-ի նախագահի ընտրություններից դժգոհ էր ոչ միայն Համաժողովրդական շարժումը, այլեւ «Օրինաց երկրի» նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը, որոնք այդ մասին բացահայտ հայտարարել են: «Ինչո՞ւ նրանք անազատության մեջ չեն»,-ասաց Փաշինյանը եւ ավելացրեց, որ Համաժողովրդական շարժման առաջնորդները, ինչպես նաեւ ինքը, որեւէ մեկին բռնության չի դրդել եւ ատելություն չի սերմանաել. «Իշխանություններն իրենց քայլերով են արժանացել սեփական ժողովրդի ատելությանը»:
Փաշինյանին խոսքին ողջույններով արձագանքելու համար դատավոր Սերժիկ Ավետիսյանը դատարանի դահլիճից հեռացրեց լրագրող Լիզա Ճաղարյւանին եւ մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հորը' Սարգիս Քլոյանին: Մինչեւ դատարանի դահլիճից դուրս գալը զոհվածի հայրը հասցրեց ասել. «Մարդասպաններին կոծկելով, դուք ավելի մեծ հանցանք եք կատարում: Այսօր դուք անմեղ մարդու եք դատում; Դուք բոլորդ կանգնելու եք դատարանի առաջ»:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանի 3 դատավորներից երկուսը' նախագահող Սերժիկ Ավետիսյանը եւ Արշակ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում միմյանց հետ էին խոսում: Երբ Փաշինյանը ընդհատեց իր խոսքը' դատավորներին սթափեցնելու համար' Արշակ Խաչատրյանն ասաց. «Դուք մեզ արհամարհում ենք, մեզ չեք նայում: Ասում եք' հարգելի դատարան, բայց շրջվում եք դեպի դահլիճը, մենք էլ իրար հետ ենք խոսում»: «Դուք կարաք բլոտ էլ խաղաղ»,- դատավորին ասաց Փաշինյանը:
Վերջինս իր խոսքը կշարունակի հաջորդ դատական նիստում: Փաշինյանից տեղեկանալով հանդերձ, որ վաղը ՍԴ-ում պետք է լսվի Փաշինյանի հայցը' հունվարի 10-ի թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որտեղ Փաշինյանի ներկայությունը պարտադիր է, Վերաքննիչ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց վաղը եւ նույն ժամին' 11.00-ին:

