Մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը' Սարգիս Քլոյանը, երեկ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն' բացատրություններ տալու:
Մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում Սարգիս Քլոյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել էր, թե ինքը գիտի իր որդուն սպանողի անունը եւ պատրաստ է այն բարձրաձայն ասել, ինչպես նաեւ հայտնել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է սպանվել իր որդին:
«Իմ հարցազրույցից հետո երեկ ինձ հրավիրեցին ՀՔԾ, եւ ես պնդեցի իմ խոսքերը: Նաեւ հայտնել եմ, որ որդուս սպանողի անունը ինձ հայտնի է դարձել Փաստահավաք խմբից, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից, որոնք այցելել են զորամասեր եւ այնտեղ պարզել մարդասպանների անունները»,- այսօր «Ա1+»-ին ասաց զոհվածի հայրը:
Նրա խոսքերով' ՀՔԾ-ում նա հայտնել է նաեւ իր որդուն սպանողի անունը. «Այդ անունը նրանց շատ ավելի վաղ էր հայտնի, քան ինձ: Իրենք ավելի լավ գիտեն, թե ովքեր են գնդակահարել մեր որդիներին եւ ինչ պայմաններում: Ես ուղակի թարմացրեցի նրանց հիշողությունը: Ես նրանց նաեւ հիշեցրեցի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն խոսքերը, թե հանձնաժողովն էլ է պարզել, որ «Չերյոմուխա 7»-ը խստիվ արգելված զենք է եղել եւ այն չէր կարելի օգտագործել ցուցարարների դեմ: Ես ՀՔԾ-ում հարցրեցի, թե ինչո՞ւ մինչ օրս քրեական գործ չեն հարուցել այն մարդկանց դեմ, ովքեր բացել են զինանոցի դուռը, բաժանել զենքը»:
Սարգիս Քլոյանը համոզված է, որ ՀՔԾ-ում իր հայտնած տեղեկատվությունը չի նպաստելու մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը. «Ես այս իշխանություններից որեւէ ակնկալիք չունեմ: Որպես ծնող, որպես ՀՀ քաղաքացի, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել: Ես իրականությունն եմ ասել: Այս 2 տարվա ընթացքում իշխանություններն ապացուցեցին, որ իրենք են սպանել մեր որդիներին»:

