Կոչ է անում թաքուն ապրել

15:27 | Մարտ 19, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ոչ նրանից շատ ունեմ, ոչ` նրանից: Ունեցողներին հարցրեք»,- այսօրվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով դոլար-դրամ փոխարժեքի տատանումների մասին:

Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի հեղինակած Շքեղության հարկի մասին օրինագծին` Գալուստ Սահակյանն ասաց. «նրանք, ովքեր ֆինանսների են տիրապետում, պիտի զուսպ ապրեն, պիտի թաքուն ապրեն»:

Գալուստ Սահակյանը պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված հանգամանքը, որ տարբեր աղմկահարույց պատմությունները կապված են հենց հանրապետականների հետ, պատճառների մասին մտածե՞լ է արդյոք խմբակցության ղեկավարը, նա ասաց.

«Նախ ձեզնից է, որ նյութ չունենալով, փաստերն այնպես եք ծաղկացնում, որ կարծես հայոց աշխարհը փլվում է: Դրանք հասարակական միջադեպեր են, իսկ քաղաքականության մեջ բանավեճերն ինչքան շատ լինեն, այնքան ձեր եւ մեր օգուտն են: Օրինակ, գրում եք, որ պատգամավորը վրաերթի է ենթարկել եւ այլն, եւ այլն. մի անիմաստ, անհեթեթ, պրովակացիոն մի լուր, որովհետեւ սա սենսացիոն է, մարդիկ կասեն, գնանք որեւէ թերթ առնենք, տեսնենք,ինչ են գրում. ես դա էլ չեմ մեղադրում, սենսացիաներով ուզում եք թերթը պահեք` մեր կենցաղը խառնում եք իրար»:

Մեր պարզաբանող հարցին, թե արդյոք Գալուստ Սահակյանն ուզում է ասել, որ պատգամավորի մեքենան վրաերթ չի՞ կատարել, նա ասաց. «Ոչ: Պատգամավորի մեքենան վրաերթի չի ենթարկել, եւ երկրորդ, վրաերթ հասկացությունը լավ չեք բնութագրում: Իհարկե, շատ ցավում ենք, որ զոհ է եղել, մենք պետք է սովորենք, մեր ազգին սովորեցնենք ճանապարհային երթեւեկության կանոնները. վրաերթ կլիներ, եթե խախտում կատարեր մեքենան, խախտումը կատարվել է հետիոտնի կողմից, այնուհանդերձ դա վերագրվել է պատգամավորին, որի հետ ընդհանրապես չառնչվող նյութ է»:

Գալուստ Սահակյանը նաեւ չի վստահում ոստիկանության ամփոփոգրերին, որտեղ հստակ գրված էր` «Շեւրոլետ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկվել1966 թվականին ծնված քաղաքացուն:

Share |
Rambler's Top100