Հայաստանն առայժմ չի դիտարկվելու

15:02 | Մարտ 19, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչեւ 2012թ ԵԽ Կոնգրեսը Հայաստանում տեղական ժողովրդավարության մոնիտորինգ չի իրականացնի: Կոնգրեսի բյուրոյի որոշմամբ ` այս երկու տարիներին Եվրոպայի խորհրդի անդամ մոտ 15 երկրի տեղական ժողովրդավարության մակարդակն է գնահատվելու, սակայն Հայաստանն այդ ցուցակում չի ընդգրկվել:

Հայաստանի` տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույց պատրաստվել է դեռեւս 2003թ-ին, բայց Կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանի խոսքերով, կան երկրներ, որոնց վերաբերյալ զեկույցներ ավելի վաղ են ընդունվել` 2000թ-ին, 2002թ-ին:

"Այդ զեկույցները պատրաստվում են բոլոր երկրների համար, օրինակ` Բելգիայի, Ֆրանսիայի, եւ հնարավոր է` Բելգիայի վերաբերյալ զեկույցում շատ ավելի քննադատություն հնչի, քան Հայաստանի` 2003թ զեկույցում",- "Ա1+"-ին ասաց Էմին Երիցյանը, ով նաեւ ղեկավարում է Կոնգրեսում հայաստանյան պատվիրակությունը:

Վերջինիս խոսքով` ներկայումս քննարկվում է, որ տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցներ պատրաստվեն ավելի պարբերաբար` յուրաքանչյուր երկրի վերաբերյալ առնվազն չորս տարին մեկ: Բացի այդ զեկուցողը անընդհատ պետք է ներկայացնի, թե ինչ են արվել հանձնարարականների իրականացման ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է Կոնգրեսի` 2003թ Հայաստանի վերաբերյալ ընդունված փաստաթղթի հանձնարարականներին, ապա հայկական պատվիրակության ղեկավարը կարծում է,որ դրանց մի մասը իրականացվել են: Բայց դեռեւս կան որոշ խնդիրներ:

"Մեզ համար հետաքրքիր կլիներ, որ Հայաստանի հետ կապված նոր երկխոսություն սկսեին",-ասաց Էմին Երիցյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու 2013թ-ին: Իսկ ընտրությունների վերաբերյալ Կոնգրեսը առանձին զեկույցներ է պատրաստում:

Վերջին դիտորդական զեկույցը եղել է 2009թ մայիսի 31-ի Երեւանու ավագանու ընտրությունների վերաբերյալ:

 

 Կարինե Ասատրյան

Ստրասբուրգ

Share |
Արխիվ
Rambler's Top100