Մոտ երկու ժամ տրվեց պատվիրակներին Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսի գլխավոր քարտուղար ընտրելու համար: 15000 եվրո աշխատավարձ խոստացող պաշտոնին հավակնում են երեք թեկնածու` Անտոնելա Կանյոլատին, Անդրեաս Կիֆերը եւ Լեո Պլատվոետը:
Կոնգրեսի լիագումար նստաշրջանում նրանք իրենց առավելությունները ներկայացնելու հնարավորություն այսօր չունեցան: Սակայն այդ արել են Կոնգրեսի խմբակցությունների հետ հանդիպումներում:
"Ես հետպատերազմյան երեխա եմ", - European People's Party/ Christian Democrats Group-ի անդամներին այսպես ներկայացավ իտալուհի Անտոնելա Կանոլատին, ում, որոշ տեղեկություններով, պաշտպանում է անձամբ Բերլուսկոնին: Մինչ բարեփոխման ծրագիրը ներկայացնելը, ներկայումս ամուսնալուծված Անտոնելա Կանոլատին հարկ համարեց ասել, որ ինքը բախտ է ունեցել ամուսնանալ հույնի հետ, եւ ունի զավակներ, ովքեր իրեն ուրախությունն են պարգեւում:
Իր ելույթը նա ավարտեց խոսքերով, թե գերազանց համապատասխանում է այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են այս պաշտոնի համար, կոմպետենտ է եւ ունի պրոֆեսիոնալ հեղինակություն:
Անտոնելա Կանոլատին, ով մի քանի տարի է զբաղեցնում է Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, կարծում է, որ Կոնգրեսը պետք է արագորեն արձագանքի ԵԽ բարեփոխումներին, հակառակ դեպքում նրա դերը բավականին կնվազի եւ տեղական ժողովրդավարությունը կհայտնվի երկրորդական պլանում Եվրոպայի քաղաքական ծրագրերում:
Նիդեռլանդցի Լեո Պլատվոետից այսօր պատվիրակներից մեկը հետաքրքրվեց, ինչպիսի դիրք պետք է գրավի Կոնգրեսը, երբ կառավարությունները խախտում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան: Պարոն Պլատվիոտեն պատասխանեեց դիվանագիտորեն: Ըստ նրա` պետք է լինել եւ համբերատար, եւ կոշտ, բայց կարեւորն այն է, որ կառավարությունները հարգեն Խարտիան, քանի որ, ի վերջո, ԵԽ-ին բոլորը անդամակցում են սեփական կամքով: Իսկ մյուս թեկնածուն`ավստրիացի Անդրեաս Կիեֆերը խոստանում է ընտրվելու դեպքում Կոնգրեսի միջոցով նպաստել ԵԽ-ում իրականացվող բարեփոխումներին:
Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն օրվա վերջում:
Կարինե Ասատրյան
Ստրասբուրգ

