Հարցապնդում «Գլենդել Հիլզ»-ի թերացումների մասին

17:19 | Մարտ 17, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հարցապնդում է ուղարկել ՀՀ վարչապետին ու Կառավարությանը:

Այն վերաբերում է աղետի գոտում ՀՀ Կառավարության բնակարանաշինության ծրագրին եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին:

Ըստ «Ժառանգության» ունեցած տվյալների` ընկերությունը 2009թ. բնակարանաշինության ու բնակարանների բաշխման գործընթացում թույլ է տվել չարաշահումներ եւ անընդունելի արդյունքներ: Բանն այն է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացել է միջոցներ ու պայմաններ` մինչեւ 2009թ. տարեվերջ 1320 նոր բնակարաններ շահագործելու համար, սակայն ծրագիրը թերակատարել է:

Այդ պատճառով «Ժառանգություն»-ը ՀՀ Կառավարությունից պահանջում է պատասխանել մի շարք հարցերի: Օրինակ` թե որքա՞ն բնակարաններ են հանձնվել շահագործման 2009 թ. դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: Նույն ժամանակահատվածի համար վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում որքա՞ն բյուջետային եւ արտաքին վարկային միջոցներ են տրամադրվել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին: Արդյոք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Կառավարությանը կամ լիազոր մարմնին ներկայացրե՞լ է աշխատանքների կատարողականն ու ֆինանսական հաշվետվությունները եւ այլն:

20 օրվա ընթացքում ՀՀ Կառավարությունը պարտավոր է գրավոր պատասխանել «Ժառանգությանը», որից հետո ԱԺ նիստում կուսակցությունը կհնչեցնի հարցապնդումն ու Կառավարության պատասխանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100