Վտանգավոր օրինագիծ ընդդեմ ԶԼՄ-ների՞

18:25 | Մարտ 17, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Մեր իշխանությունը եթե ինչ-որ բան է ձեռնարկում, ապա ձեռնարկում է ի վնաս ազատ լրատվամիջոցների»,- նման համոզման է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` ԱԺ-ում այժմ քննարկվող օրինագծի վերաբերյալ:

Խոսքը կոալիցիայի հեղինակած օրինագծի մասին է, որը Եվրախորհրդի պահանջով ապաքրեականացնում է զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները: Փոխարենը բավականին մեծ չափերի հասնող տուգանքներ է նախատեսում:

Արամ Աբրահամյանի կարծիքով` եթե ինչ-որ բան չի փոխվում` մենք կարող ենք հանգիստ լինել, եթե փոխվում է, ուրեմն «նրանք հետին միտք ունեն` ճնշել ինչ-որ լրատվամիջոցի կամ լրատվամիջոցների խմբի: Տվյալ դեպքում ես ենթադրում եմ, որ նրանք մտադրված են ավելի ակտիվորեն ճնշել ընդդիմադիր տպագիր լրատվամիջոցները»:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը «Ա1+»-ի հետ զրույցում փաստեց, որ օրինագծի գաղափարը ընդունելի է, այսինքն` միանգամայն պարզ է, որ Հայաստանի օրենսդրությամբ անհրաժեշտ է զրպարտության եւ վիրավորանքի նախատեսված պատիժները տեղափոխել քրեականից քաղաքացիական դաշտ: Սակայն, ըստ նրա` մյուս կողմից օրենքի որակը եւ ընդհանրապես այս ոլորտում մեր օրենսդրական կարգավորումները չեն կարող ապահովել ճիշտ կիրառում:

Նավասարդյանը գտնում է, որ պարզեցված չէ, թե ինչ է զրպարտությունը, ինչ է ինֆորմացիան, որին ավելանում է եւս մեկ օրենսդրական ակտ, օրենսդրական հասկացության սխալ օգտագործում, ինչպիսին է սուտ մատնությունը: «Գտնում եմ, որ մինչեւ օրինագիծը առաջ քաշելը, պետք էր ավելի լուրջ ուսումնասիրություններ եւ քննարկումներ կազմակերպել, որը չի արվել»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ ղեկավարը եւս վտանգ է տեսնում այդ օրինագծում. «Նույնիսկ դրական օրենսդրական նախաձեռնությունների սխալ կիրառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ»: Իսկ այն պնդմանը, թե օրինագիծը ընդդիմադիր մամուլի դեմ է, Բորիս Նավասարդյանը նշեց. «Չեմ կարող համոզված լինել, որ միտումը դա է, բայց որ այդպիսի վտանգ կարող է լինել, միանշանակ է: Եթե նախատեսվում են բավականին բարձր նյութական պատիժներ, ապա մենք հիմք ունենք վախենալու, որ օրենքի սխալ կիրառում կարող է տեղի ունենալ, օրենքի ոչ խորը եւ ոչ որակյալ ձեւակերպումները կարող են վտանգ ներկայացնել առաջին հերթին այն լրատվամիջոցների համար, որոնք ընդդիմադիր քննադատական ինֆորմացիաներ են հրապարկում»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100