ԵԽ տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսում ընտրությունների երկրորդ փուլ չի լինի: Կոնգրեսի գլխավոր քարտուղար է ընտրվել ավստրիացի Անդրեաս Կիեֆերը: Նրա օգտին քվեարկել է 137 հոգի:
Հայաստանյան պատվիրակները ձայն էին տվել հենց այս թեկնածուին: Ըստ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Կոնգրեսի փոխնագահ Էմին Երիցյանի` իրենք այս դեպքում առաջնորդվել են սկզբունքով, թե որ թեկնածուն ավելի օգտակար կլինի Կոնգրեսին:
« Եվրոպական բոլոր կառույցները, այդ թվում Եվրոպայի խորհուրդը ճգնաժամային վիճակում է, ու նրա բոլոր ինստիտուտները, այդ թվում Կոնգրեսը իրենց նոր դերակատարությունը պետք է գտնեն»,- « Ա1+ »-ին ասաց Էմին Երիցյանը: Վերջինս ցանկանում է Կոնգրեսի գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել մի մարդու, ով կավելացնի կառույցի աշխատանքի արդյունավետությունն ու դերակատարությունը:
Կոնգրեսի գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքական չէ:
«Գլխավոր քարտուղարը կամ քարտուղարությունը եթե փորձի անցում անել եւ աշխատել քաղաքական դաշտում, ապա դա միանգամից մեծ արձագանք կստանա. նման բան գրեթե անհնար է »,-ասաց Էմին Երիցյանը:
Կոնգրեսի գլխավոր քարտուղարն ընտրվեց շատ բուռն ընտրապայքարում : Ընդ որում` նա ընտրված պետք է լիներ դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին:
Նշենք, որ հայկական, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների պատվիրակություններ պատրաստվում էին այլ թեկնածուի պաշտպանել, սակայն վերջինս չհայտնվեց այս փուլում պայքարողների ցուցակում : Ուստի մեր պատվիրակները որոշեցին պաշտպանել այսօր ընտրված թեկնածուին:
Հայկական պատվիրակության անդամ Նատալյա Լափաուրին «Ա1+ »-ին հայտնեց, որ իրենք հուսով են, որ նորընտիր քարտուղարը նոր ոճ կմտցնի Կոնգրեսի աշխատանքում եւ նոր թափ կհաղորդի տեղական դեմոկրատիայի զարգացմանը:
Ի դեպ, սա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող չինովնիկական պաշտոններից է` 15000 եվրո աշխատավարձ : Պաշտոնը ենթադրում է նաեւ սոցիալական ապահովագրածություն, ապագայում նաեւ բարձր թոշակ:
Նորընտիր գլխավոր քարտուղարը կպաշտոնավարի այս տարվա ապրիլի 1-ից` 5 տարով:
Կարինե Ասատրյան
Ստրասբուրգ

