Նեոլիբերալիզմը քանդում է ՀՀ-ն

19:04 | Մարտ 16, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ընդդիմությունը բնականաբար քննադատեց իշխանություններին, իսկ իշխանամետ պատգամավորները ամբիոնն օգտագործեցին գովերգելու սեփական իշխանության ձեռքբերումները:

Օրինակ, «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ բարձրագույն իշխանության համար դատական համակարգը շարունակվում է մնալ հարստանալու աղբյուրներից մեկը` ի հաշիվ վերեւից ներքեւներին պարտադրվող «մուծվելու պարտականության», ինչն առկա է պետական համակարգի այն բոլոր օղակներում, որոնք շփվում կամ «սպասարկում» են քաղաքացիներին»:

«Այն միջոց է` պարտակելու աղմկահարույց այն հանցագործությունները, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնյաններին ու նրանց հարազատներին: Եվ վերջապես` դատական իշխանությունը վեր է ածվել քաղաքական ընդդիմախոսներին վերացնելու գործիքի: Այս վերջինի ապացույցը հարյուրից ավելի քաղբանտարկյալներն ու քաղաքական դատավարություններն էին, որ ունենք մինչ օրս»:

ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովը հիշեց Մամեդյարովի հերթական հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ ասաց. «Ուզում եմ ընդհատել նրա երազը եւ իջեցնել նրան երկնքից. ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի եւ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ոչ թե Բաքվում, այլ Ստեփանակերտում»:

«Մենք եւս մեկ անգամ կարող ենք հայտնվել թղթե շերեփը ձեռքներումս»` հայ-թուրական հարաբերությունների հեռանկարը գնահատելիս ասաց ՍԴՀԿ անդամ Վարդան Խաչատրյանը:

Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ ժողովրդի սոցիալական վիճակին: «Այս օրերին մենք բոլորս ականատես ենք դառնում գների սահուն աճի հերթական գործընթացին: Իշխանությունները մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում փորձում են բարձրացնել ապրանքների գները` ապրիլյան կանխատեսվող թանկացումների թռիչքաձեւ ընթացքը համաչափ դարձնելու ցանկությամբ»,-նկատեց Մարտիրոսյանն ու հիշեցրեց, որ կոալիցիան առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ իրենք «շատ են մտահոգ ժողովրդի սոցիալական վիճակի ապահովման խնդրով»:

«Մենք բոլորս մարդավայել կենսամակարդակ չենք ունենալու եւ պաշտպանված չենք լինելու, քանի դեռ ինքներս չենք ձեւավորում իշխանությունը եւ նրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանում»,-ասաց Մարտիրոսյանը:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը խոսեց նեոլիբերալիզմի արատներից` ընգծելով, որ այն վտանգեց Լատինական Ամերիկայի երկրների ապագան, այժմ էլ քանդում է նեոլիբերալիզմի փորձարկման համար ընտրված հերթական երկիրը` Հայաստանը: Նա ընդգծեց, որ բոլորն են այսօր դժգոհ «շուկայական տնտեսություն» ասածից եւ տնտեսության ղեկավարման հրացում պետության բացակայությունից:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100