ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրած նամակը, որն ուղղված է ԵԽ գլխավոր քարտուղարին, Հայ Ազգային Կոնգրեսն այսօր բազմամարդ երթով հանձնեց Երեւանում ԵԽ ներկայացուցչին:
Տեր-Պետրոսյանի ստորագրած նամակում նշված են երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու Կոնգրեսի ուղիները: Նամակը հանձնվեց այսօր, քանի որ վաղը ԵԽ Մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է միջոցառումների եւ բարեփոխումների այն ցանկը:
Հիշեցնենք, որ ԵԽ մոնիթորինգի հանձնաժողովը դիմել է ՀՀ իշխանություններին բարեփոխումների ժամանակացույցը ներկայացնելու համար: «Մենք վստահ ենք, որ այն ինչ ներկայացնելու են իշխանությունները լինելու են կիսամիջոցների, դատարկ խոստումների մի ցուցակ»,- նախքան երթը հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նշելով, որ Տեր-Պետրոսյանի նամակում տեղ են գտել բոլորին վաղուց հայտնի Կոնգրեսի առաջարկները` Զուրաբյանն ասաց. «Քաղբանտարկյալների անհապաղ ազատում, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացում, ժողովրդավարական բարեփոխումներ, եւ ամենակարեւորը խորհրդարանի եւ նախագահի արտահերթ ընտրություններ: Թող ոչ ոք չկարծի, որ մենք ապավինում են միջազգային կառույցներին: Մենք ի սկզբանե ապավինել եւ ապավինում ենք միայն մեր ուժերին, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է օգտագործենք մեր կարողությունները միջազգային կառույցներին տեղյակ պահելու եւ նրանց աշխատանքը մեր նպատակներին ծառայեցնելու համար»:
Կոնգրեսի երթն այսօր սկսվեց Սարյանի արձանի հարակից տարածքից եւ անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով: Մինչեւ ՀՀ գլխավոր դատախազություն հասնելը երթի մասնակիցները միայն վանկարկում էին. «Լեւոն նախագահ», «Սերժիկ հեռացիր», իսկ դատախազության մոտ վանկարկումը փոխվեց. «Մարդասպաններ»: Դատախազությունից մինչեւ Մյասնիկյանի արձանի մոտ երթը շարունակվեց լուռ` բռունցքները բարձր: Մեկ րոպե լռությամբ մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը հարգելուց հետո երթը շարունակվեց:
ԵԽ ներկայացուցչության մոտ երթի մասնակիցները կանգ առան: Մինչ Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նամակը հանձնեց, երթի մասնակիցները վանկարկեցին բոլոր քաղբանտարկյալների անունները` պահանջելով «Ազատություն»: Կոնգրեսի երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Հրաժեշտից առաջ երթի Լեւոն Զուրաբյանը երթի մասնակիցներին հիշեցրեց ապրիլի 6-ին նախատեսված Կոնգրեսի հանրահավաքի մասին:
Այսօրվա երթի ընթացքում միջադեպեր տեղի չունեցան:
Ի դեպ, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն էլ ընդգծված հոգատարությամբ հետաքրքրվում էր վերջերս ազատ արձակված Կոնգրեսի երիտասարդներից Տիգրան Առաքելյանի առողջական վիճակով. «Սրտիդ հետեւիր, Տիգրան ջան..»:

