ՀԱԿ-ը հայց կներկայացնի ապրիլի 7-ից հետո

19:02 | Մարտ 12, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանձնաժողովը մարդկային տիպին ոչ բնորոշ ժպիտով հաստատեց այդ սակագինը` առանց խորանալու դրա մեջ»,-ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված գազի նոր սակագնի հետ կապված: Ըստ դրա` քաղաքացիները 1քմ գազի դիմաց ապրիլի 1-ից պետք է վճարեն 132 դրամ` նախկին 96 դրամի փոխարեն
Հայ ազգային կոնգրեսը դատական հայց է նախապատրաստում ընդդեմ «Հայռուսգազարդի», որի համար գազ սպառող քաղաքացիների ստորագրահավաք է սկսել:

ՀԱԿ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուսումնասիրել է խնդիրը եւ եկել եզրահանգման, որ գազի գնի բարձրացումը պատճառաբանված չէ:

«Հայռուսգազարդը հանդես եկավ հայտարարությամբ, թե պատճառը Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումն է: Մենք ուսումնասիրեցինք, պարզեցինք, որ Ռուսաստանը գինը բարձրացրել է 7 տոկոսով: Ուրեմն ինչո՞ւ Հայաստանում պիտի բարձրացվի 41 տոկոսով: Սկսվեց բացատրությունների շարք, թե իրենք 750 մլն դոլարի ներդրումներ են արել: Բայց այդ ներդրումները, մեր կարծիքով, նախորդ թանկացման մեջ հաշվի էին առնվել»,-ասում է Հրանտ Բագրատյանը: Նա տեղեկացնում է, որ իրենք պահանջել են ընկերության նօրենների խորհրդի աշխատավարձի չափը, ի՞նչ ներկայացուցչական ծախսեր են արել, կամ «ինչո՞ւ են հարուստներին ավելի էժան վաճառում, քան չունեւորներին»:

«Հիմարություններ ասվեցին գազի ճնշման եւ ինքնարժեքի մասին: Հակադարձեցինք` իսկ սպառողական ավելցո՞ւկը: Կարծում եմ` «Հայռուսգազարդը» նման մասնագիտական հարցադրումների չէր սպասում: Մենք հնարավորություն չունենք այս ամենի մասին հեռուստատեսությամբ ասելու, թե ինչ հանցավոր անգիտությամբ է հանձնաժողովը հաստատել այդ թիվը: Ստիպված ենք հայց հարուցել»,- « Ա1+»-ին ասաց Հրանտ Բագրատյանը:

Իսկ ի՞նչ են սպասում, դատարանը կբավարարի՞ հայցը. «ՀՀ սահմանադրությունը պնդում է քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների իրավահավասարության մասին: Ինչպե՞ս կարող է մեկի համար մի գին լինել, մյուսի համար` ուրիշ: Տնտեսագիտության մեջ դա կոչվում է տնտեսական դիսկրիմինացիա` խտրականություն: Սա նույնն է, թե ռասայական խտրականություն: Սա սոցիալական խտրականություն է: Դատարանը ստիպված կքննարկի: Մենք ունենք մոտ 400 դատավոր, բոլորն էլ մորթապաշտ են: Բնականաբար, իշխանությունները կհրահանգեն, որ ձայները կտրեն: Հետո մենք անպայման կստիպենք, որ այս մասին մտահոգվի նաեւ Սահմանադրական դատարանը»:

Թե այս պահին քանի ստորագրություն է հավաքվել, պարոն Բագրատյանը դժվարացավ պատասխանել, քանի որ. «Ստորագրահավաքը դեռ շարունակվում է»: ՀԱԿ գրասենյակը դատական հայցը կներկայացնի համաձայն գործող օրենքի` հանձնաժողովի որոշումը ուժի մեջ մտնելուց 7 օր հետո, այսինքն ապրիլի 7-ից հետո:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100