«Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառով, եռագույնները թափահարելով մի քանի տասնյակ երիտասարդներ այսօր երթ անցկացրին Երեւանի փողոցներում: Ի տարբերություն նախորդ ուրբաթօրյա ակցիաների` այսօր ընդամենը երկու ոստիկան էին ուղեկցում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ անդամներին:
Երթը անցավ Աբովյան, Ամիրյան, Մաշտոց եւ Կորյուն փողոցներով: Ժամանակ առ ժամանակ երիտասարդները կանգ էին առնում, վանկարկում` «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Մեկ+մեկ+մեկ+մեկ», «Հայաստանի ազատությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդու դու ես»: Նրանք նաեւ անցորդներին էին բաժանում թերթիկներ, որտեղ իրազեկվում է, որ մարտի 16-ին ՀԱԿ-ը կազմակերպելու երթ դեպի Եվրախորհրդի գրասենյակ, իսկ ապրիլի 6-ին հրավիրելու է հանրահավաք
«Մեր հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, արդարությունների վերականգնումը: Արդյունքը այս ակցիաների այն է, որ մարդկանց տեղեկացում ենք անօրինությունների մասին: Բոլորը պետք է իմանան, թե ինչ երկրում են ապրում»,- ասաց երթի մասնակից Հայկը: Մեկ այլ մասնակից` Լիլիթն էլ ավելացրեց. «Իրազեկում ենք մարդկանց, որ կան քաղբանտարկյալներ եւ պետք չէ անտարբեր լինել: Նրանց տեղում կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը»:
Ի դեպ, անցորդները հետաքրքրությամբ վերցնում էին երիտասարդների բաժանած թերթիկները, մի պահ կանգ տալիս եւ հետեւում, թե ինչ հայտարարություններ էին անում:

