«Ադրբեջանը ավելի ու ավելի անհամբեր է դառնում: Կարծում եմ, որ ստատուս քվոն օգտագործվում է Հայաստանի կողմից լուծում գտնելու համար: Ցանկացած փոփոխություն ստատուս քվոյի, որը չի պահանջում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում, ընդունելի է Ադրբեջանի համար»,-այսօր Երեւանում` ՆԱՏՕ- ի ԽՎ- ի 73- րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի ժամանակ հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը: Նրա կարծիքով խնդրի լուծումը շատ մոտ է, քանի որ սկզբունքները համաձայնեցված են:
Չնայած դրան` հայկական եւ ադրբեջանական հասարակություններում զարգացումները շարունակում են մտահոգել Հուսեյնովին:
«Ես չեմ ուզում մեղադրել սովորական մարդկանց: Կարծում եմ, որ Ադրբեջանում եւ Հայաստանում էլիտան եւ ղեկավար շրջանակները օգտագործել են հանրային մտահոգությունները բանակցություններում իրենց դիրքերը ուժեղացնելու համար: Եւս մի խնդիր, որը թույլ չի տալիս առաջ քաշել խնդրի լուծումը` հաղթողի եւ պարտվողի սինդրոմն է Հայստանի եւ Ադրբեջանի հասարակություններում: Շատ մարդիկ Հայաստանում կարծում են, որ որպես հաղթող կողմ` ավելի շատ կորցնելու բան ունեն Մադրիդյան սկզբունքների առաջարկների ներքո»,-ասաց Հուսեյնովը:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն նկատեց, որ Ղարաբաղի եւ Կոսովոյի խնդիրները անհամեմատելի են, հետեւաբար, նույն սցենարի կրկնությունն անհնար է. «Կոսովոյի հակամարտությունը մեկ երկրի մեջ է, մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը, միաժամանակ, եւ ներքին` երկրի ներսում է տեղի ունենում փոքրամասնության մեջ, որը ապրում է Ադրբեջանի հատվածում, եւ արտաքին` երկու երկրներ է ներառում, Ադրբեջան եւ Հայաստան հակամարտություն է»:
«Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ»,- ասաց Բեռնար Ֆասիեն, բայց ավելացրեց, որ ԼՂ մասնակցություն ասելով` չպետք է հասկանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ այն ճանաչված պետություն չէ:
Ֆրանսիացի համանախագահը նշեց, որ շատ արդար է, որ ԼՂ բնակչությունը նույնպես ցանկանում է մասնակից լինել այն բանակցություններին, որոնք շոշափում են իր կենսական շահերը, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ԼՂ բոլոր բնակիչները, այդ թվում նրանք, ովքեր ապրում էին այդ տարածքում նախքան հակամարտությունը, վերադառնան իրենց նախկին բնակավայրերը:
«Երբ մարդիկ խաղաղության մեջ կապրեն եւ իրար հարեւաններ կհամարեն, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում ապրում էին այնտեղ, վերադառնան, այդ ժամանակ, ակնհայտ է, որ նրանք իրավունք ունեն պահանջել, որպեսզի մասնակցեն բանակցություններին»,- ասաց Ֆասիեն:
Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի եւ Հայաստանը եւ Ղարաբաղը:
«Ինչ-որ պահի ԼՂ-ն դուրս մնաց բանակցություններից եւ հիմա հակամարտության երկու կողմերը պետք է համաձայնեն, որ նա վերադառնա: Կգա մի օր, երբ ղարաբաղցիները ավելի խորը մասնակցություն կունենան բանակցություններին: Լավ կլինի, եթե դա շուտ լինի»,-ամփոփեց ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն:
Իսկ Ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ասաց. «Ղարաբաղի խնդրում ամեն ինչ ավելի մռայլ է, մոխրագույն, քան 5 տարի առաջ էր»:

