«ԼՂ հակամարտության լուծումը կա»

14:37 | Մարտ 11, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում չկա: Լուծում կա, եւ շատ մանրակրկիտ, մանրամասն լուծում է, շատ անելիքներ էլ չկան, պարզապես կարեւոր է լինել պատրաստ ներքաղաքական սպասվող բանավեճին»,-այսօր հայտարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը:

Այսօր Երեւանում, ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոութ» սեմինարի ժամանակ նա նկատեց, որ պահանջվում է ոչ միայն մեծամասնության օժանդակությունը, այլեւ ողջ հանրության, «որովհետեւ կարող են լինել փոքր խմբեր, որոնք կարող են խոչընդոտել լուծմանը»:

Նա կոչ արեց աջակցել Սերժ Սարգսյանին: «Կամք կա, պահանջվում է քաջություն»,-ասաց Լենմարկերը եւ ավելացրեց, որ. «պետք է խնդիրը լուծել շատ շտապ, շուտափույթ կերպով, եւ անգամ ոչ թե մոտ ապագայում, այլ հրատապ, որովհետեւ մարդիկ են զոհվում սահմանում, եւ դեռ կզոհվեն, իսկ լուծումը պետք է այսօր ապրող մարդկանց»:

Լենմարկերը նաեւ նկատեց, որ լուծման գնալու համար պետք է ադրբեջանական կողմը հաշվի նստի հայկական կողմի շահերի հետ. «Իսկ Հայաստանն էլ պետք է ընդունի, հասկանա Ադրբեջանին, որն իրեն համարում է ագրեսիայից տուժած կողմ»;

Լենմարկերն ասաց, որ խնդրի լուծումը պետք է գտնվի ներսում, ոչ թե դրսում, պետք է վերջ դրվի ատելության եւ թշնամանքի սերմանման քաղաքականությանը, հատկապես մամուլում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացի մասնակից դարձնելու անհրաժեշտությանը, ապա Լենմարկերը չի ընդունում ձեւաչափի փոփոխություն. Նա գտնում է, որ ՀՀ երկու նախագահներն էլ ղարաբաղցի են եւ դա բավարար է` ԼՂՀ խնդիրը լավ տիրապետելու եւ ներկայացնելու համար, այնպես որ. «պետք չէ ավելացնել կոնֆլիկտի կողմերը»,-ասաց Լենմարկերը:

Նա զուգահեռ տարավ հայ-ադրբեջանական եւ Շվեդիա- Ֆինլանդիա հակամարտությունների միջեւ, երբ շվեդներով բնակեցված եւ ինքնորոշված շվեդական հողերն անցան Ֆինլանդիայի տիրապետության տակ: «Բայց նրանք հավասարապես այսօր «օգտվում են» եւ Շվեդիայից եւ Ֆինլանդիայից, որովհետեւ ունենք բաց սահմաններ»,-ասաց Լենմարկերը:

Լենմարկերը խոսեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Նա ընդգծեց, որ շատ լավ կլինի, եթե հայկական կողմը վավերացնի արձանագրությունները, հավելելով, որ «պատմաբանների հանձնաժողովն էլ շատ դրական երեւույթ է», ճիշտ է, երբ կողմերը իրենց պատմությունը քննարկում են մի սեղանի շուրջ:


Լենմարկերի ելույթին հակադարձեցին պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Հերմինե Նաղդալյանը: Վերջինս զարմանքով հարցրեց, թե ինչու պետք է հայկական կողմը շտապի, կամ Լենմարկերը հաշվի առե՞լ է, որ Ղարաբաղում մեծացել է մի սերունդ, որը չի ապրել Ադրբեջանի կազմում: Անդրադառնալով Ֆինլանդիայի հետ զուգահեռին` նա ասաց, որ այստեղ խնդիրը ֆիզիկական գոյությանն է վերաբերում, եթե Ադրբեջանն էլ լիներ Ֆինլանդիայի նման ժողովրդավար երկիր, դա կլիներ բոլորովին այլ խոսակցություն: Ինչից հետո Լենմարկերն արձագանքեց. «Ղարաբաղում ասում են, որ իրենք ավելի ժողովրդավար են, քան դուք»:

Ի դեպ, Լենմարկերի ելույթի հենց սկզբից անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դուրս եկավ դահլիճից` սրճելու, իսկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը գլուխն էր  շարժում` կարծես ի հաստատում Լենմարկերի մտքերի:

Հաստատեց

Լենմարկերից հետո ելույթ ունեցավ թուրք պատվիրակ Կուրսատ Աթիլջան, որը հայտարարեց, թե վերջին զարգացումներից հետո Թուրքիայի համար բարդացել է արձանագրությունների վավերացման գործընթացը, խնդիրներ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում, իսկ ՀՀ ՍԴ- որոշումն էլ ավելի բարդացրեց խնդիրը:

ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը թուրք պատվիրակի ելույթից հետո նկատեց, որ Աթիլջան իր ելույթով հաստատեց այն մտավախությունը, որ կար հայկական կողմի մոտ`ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու առումով, եւ ցավ հայտնեց, որ ՍԴ որոշման մեջ թուրքական կողմը նախապայմաններ է տեսել:

Նաեւ հավելեց, որ թուրքկաան կողմը զուր հույսեր թող չկապի, թե պատմաբանների հանձնաժողովում քննարկվելու է 1915 թվականի ցեղասպանության իրողությունը:

Share |
Արխիվ
Rambler's Top100