«Վերջին երեք տարին մեր ժողովրդի համար ծանր փորձությունների, զանգվածային արտագաղթի եւ անարդարության տարիներ էին»,-Սպանդարյանի շրջանային կազմակերպության 8-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարեց շրջկոմի առաջին քարտուղար Դոնարա Նալբանդյանը:
Նա ներկայացրեց զեկույց` երկրի անցուդարձի, ներքաղաքական խնդիրների, արտաքին մարտահրավերների եւ կուսակցության գործունեության մասին: Դոնարա Նալբանդյանը տեղեկացրեց, որ անցած երեք տարիների ընթացքում կուսակցականները վճարել են 510 հազար 960 դրամ անդամավճար եւ մանրամասն նշեց, թե ինչի վրա է ծախսվել գոյացած գումարը: Նա հավելեց, որ չնայած «կան կոմունիստներ, որ ունեն մեծ հնարավորություններ, բայց վճարում են չնչին անդամավճարներ»:
Նա քննադատեց Խորհրդային Հայաստանի հիմնադրման օրը` նոյեմբերի 29-ը, պետականորեն չտոնելու պետական քաղաքականությունն այն դեպքում, երբ մայիսի 28-ը տոնվում է մեծ շուքով: Ըստ նրա` Առաջին հանրապետությունը ոչ թե դաշնակցականների գործունեության արդյունք էր, այլ Թուրքիայի կողմից պարտադրանք:
Դոնարա Նալբանդյանը նաեւ քննադատեց սեփական կուսակցությունն այն առումով, որ թեեւ խոսում են առկա թերությունների եւ դժվարությունների մասին, բայց հստակ քայլեր չեն մատնանշում: Նա կարեւորեց երիտասարդների հետ աշխատանքը. «Գլուխ խոնարհելով ալեհեր մեր ընկերների առաջ` մենք պետք է հույսներս դնենք երիտասարդ գվարդիայի վրա»: Ի դեպ, երեք տարիների ընթացքում Սպանդարյանի շրջկոմի անդամներից 45-ը մահացել են, իսկ ավելացել է ընդամենը մեկ կոմունիստ:
Ընկեր Նալբանդյանը նկատեց, որ իշխանությունն իր գործունեությամբ նպաստում է իրենց` ընդդիմության հաղթանակին, որովհետեւ «գրգռված մասսային ավելի հեշտ է ոտքի հանելը»: «Ոչ մի ընդդիմություն չի ստեղծի այնպիսի դժգոհություն, ինչպես այս իշխանությունը` իր աշխատանքով»,-Դոնարա Նալբանդյանի հետ համաձայնեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Ա1+»-ի հետ զրույցում նա, զուգահեռ տանելով հոկտեմբերյան հեղափոխության հետ, նկատեց, որ իշխանությունը հասունացնում է ժողովրդի պոռթկումը, իսկ դա անխուսափելի է, երբ համատարած գործազրկություն է, աղքատություն, արտագաղթ եւ թանկացումներ:
«Իշխանությունն անում է ամեն ինչ` ժողովրդին խեղճացնելու նպատակով, որի վառ ապացույցն է մարտի 1-ը: Այսօր իշխանությունը ոչինչ չի անում ժողովրդի համար, զբաղված է գների բարձրացմամբ, թալանով, գռփելով: Եթե այսօր անհետաձգելի,. շտապ չազգայնացվի այն ամենը, ինչ սովետական տարիներին ստեղծվել է եւ ռազմավարական ճյուղերը չկենտրոնացվեն ժողովրդի ձեռքում, ապա այս երկիրը ապագա չունի»,-ասաց ընկեր Թովմասյանը:

