ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը;
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության օր է նշանակել մարտի 4-ը։
Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականններ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից։
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչելու վերաբերյալ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։
Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե՛ նախագահ Բիլ Քլինթոնը, եւ թե՛ նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։
Այս անգամ եւս սպասվում է, որ 252 բանաձեւը կընդունվի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից, սակայն պարզ չէ, թե արդյոք Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կհամաձայնի՞ այն քվեարկության դնել Ներկայացուցիչների տան լիագումար նիստում։

