«Կոռուպցիան մեր պետության հերն անիծել է»

15:38 | Փետրվար 04, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ակունք» քաղաքական, վերլուծական կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանը համամիտ է Սերժ Սարգսյանի այն ձեւակերպման հետ, թե հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ֆուտբոլային դիվանագիտությունն է:

«Այս գործընթացը ընթանում էր ֆուտբոլային խաղի կանոններով, որտեղ մեծ դեր ունի խաբսը: Հենց ի սկզբանե կողմերը միմյանց հետ ազնիվ չէին եւ աշխատում էին, որքան հնարավոր է շատ խաբս տալ: Էրդողանն ամեն առավոտ հայտարարում է, որ արձանագրություններում նախապայման կա, մեր իշխանություններն ասում են` չկա»,- այսօրվա բանավեճի ընթացքում ասաց Ռուբեն Հակոբյանը: Նրա կարծիքով` ֆուտբոլային դիվանագիտության մեջ այս պահին հաղթեց Թուրքիան. «Թուրքիային հաջողվեց լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում` Հայաստանի հրավերով»:

Ռուբեն Հակոբյանին զարմացնում է այն փաստը, որ ՀՀ իշխանություններին մեկ տարի ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի բարձրաձայն ընդունի, որ Թուրքիան մեր հետ խոսում է նախապայմանների լեզվով. «Միամիտ պետք է լինել կարծելու համար, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կձեւավորի` հաշվի չառնելով Ադրբեջանի գործոնը, ԼՂ հիմնախնդիրը»: Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը, որով այդքան ոգեւորված են իշխանությունները, Ռուբեն Հակոբյանը գնահատում է. «Ոչինչ չասող որոշում է, որն ուղղված էր ներքին տրամադրություններին»:

Հակոբյանը գտնում է, որ այսօր մենք շատ ավելի կարեւոր խնդիր ունենք. «Կոռուպցիան մեր պետության հերն անիծել է: Կոռուպցիան այսօր փթթում է մեր երկրում»:

Նրա այսօրվա ընդդիմախոս ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը չհերքեց, որ կոռուպցիայի մակարդակը մտահոգիչ է, սակայն համաձայն չէր որ վիճակը անուղղելի է: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Գագիկ Մելիքյանը համոզված է, որ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում այսօր թուրք պաշտոնյանները ու որքան կձգձգվի արձանագրությունների վավերացումը Թուրքիայում, միեւնույն է այն ընդունվելու է:

Մելիքյանը գտնում է, որ պետք է տարանջատել արձանագրությունները եւ թուրք պաշտոնյանների հայտարարությունները. «Արձանագրություններում նախապայմաններ չկան, սակայն Թուրքաին միշտ էլ փորձել է մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով: Սա 8 տարվա գործընթացը»: Այսինքն, հայ-թուրքական հարաբերություններում դուք շարունակո՞ւմ եք նախորդների քաղաքականությունը, որը 8 տարի առաջ է սկսվել` «Ա1+»-ի հարցին` Գագիկ Մելիքյանն ասաց. «Ոչ, նոր ենք սկսել: Մենք երկու թշնամաբար իրար տրամադրված պետություններ ենք, եւ ժողովուրդներին պատրաստել է պետք»:

Ամփոփելով թեման` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ձախողված է եւ դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններն ավելի վատ են լինելու, քան կային մինչեւ հարաբերություններ սկսելը:

Share |
Արխիվ
Rambler's Top100