12 տարի առաջ այս օրը քաղաքական բացառիկ իրադարաձություն էր մեր երկրում:
Մեկը մյուսի ետեւից հրաժարականներ էին ներկայացնում իշխող կուսակցության` ՀՀՇ-ի ներկայացուցիչներն ու ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող մարդիկ:
Քաղաքական տարաձայնության արդյունքում ՀՀ-ն մի քանի օրում զրկվեց իշխանությունից, հրաժարական տվեցին ոչ միայն գործադիր իշխանության`Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, այլեւ օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները:
Սա մի բացառիկ երեւույթ էր` գաղափարական, սկզբունքային քաղաքական ակցիա, որը եզակի է մեր պատմության մեջ: Փոխարենը թիմ փոխելը մեր քաղաքական դաշտում դարձել է կենսակերպ:
«Ա1+»-ը հետաքրքրվեց այսօրվա քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարից` ինչու մեր երկրում թիմային հրաժարականի մշակույթ չի՞ ձեւավորվում:
«Այն ժամանակվա հրաժարականները չեմ կարծում, թե քաղաքական մշակույթի հարց էր, այլ սկզբունքների խնդիր էր: Ամբողջ ազգովի մի այլ միտում ունեին, նաեւ քաղաքական ուժերը, ՀՀՇ-ն այլ միտում ուներ: Այս բախման մեջ ՀՀՇ-ն չէր կարող ազատ շարունակել իշխանական մոտիվացիաները»,- ասաց նա:
«Ա1+»-ի դիտարկմանը, թե այսօր էլ մի քանի հարյուր հազար մարդ այլ միտում ունի, իշխանությունը բոլորովին այլ, Սահակյանը նկատեց. «Այսինքն, ժողովուրդը գտնում է, որ պետք է Ղարաբաղը տանք, մենք գտնում ենք, որ Ղարաբաղը պիտի չտանք, ամբողջ ժողովուրդը գտնում է, որ մեզ սահմանային շրջաններից օգտվելու խնդիր պիտի չունենանք, իշխանությունները գտնում են պիտի ունենանք: Այսօր իշխանությունների եւ քաղաքական ուժերի հիմնական մասի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ամբողջ ժողովուրդը գտնում է, որ Թուրքիայում պետք է ճանապարհներ ունենք, այլ բան են մտահոգությունները: Այնպես որ քաղաքական սկզբունքների էական տարբերություն կա, այն ժամանակ միտումը հետեւյալն էր, որ կարելի է հատուկ կարգավիճակով Ղարաբաղը թողել Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:
Իսկ այն դիտարկմանը, թե եթե իշխանություն չուզեր հրաժարական տալ, ոչ ոք չէր ստիպի, ինչպես եղավ 2008-ին, երբ 100 հազարանոց հանահավաքներն ու հրաժարականի պահանջները չհանգեցրին հրաժարականի, Գալուստ Սահակյանն ասաց. «Իշխանության մի ամբողջ թեւ, որը ազգայնական ճակատն էր կազմում` դեմ էր այն քաղաքականությանը, որն իրագործում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
Մենք հետաքրքրվեցինք` հիմա հնարավոր համարում է, որ Սերժ Սարգսյանի հնարավոր հրաժարականի դեպքում ամբողջ թիմը հրաժարական տա, նա պատասխանեց. «Իհարկե, դա նորմ է, որ ամբողջ աշխարհում կիրառվում, ՀՀ-ում մեկ անգամ է նման բան եղել, որովհետեւ մեկ անգամ էր, որ ձեռք բերածը սկուտեղի վրա վերադարձնել էին ուզում»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլի նկատեց. «Ես թիմային աշխատանքի կուլտուրան կկապեի գաղափարական հենքի հետ: Եթե թիմը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա, օրինակ կուսակցության կողմից առաջ քաշված վերնախավ է, ղեկավարող էլիտա, բնականաբար ունենալով քաղաքական ընդհանրություն, քաղաքական նույն նպատակը, մեթոդաբանությունը եւ հենվելով նույն գաղափարախոսության վրա, աշխատանքի մեջ մտնելը իրականացվում է միասին, դուրս գալը նույնպես իրականացվում է միասին: Եթե սակայն թիմը, ինչը հաճախ ենք տեսնում ձեւավորված է այլ սկզբունքի վրա` ֆինանսական շահ, խմբակային շահ, խնամիական կապեր, այս տեսակի թիմերից միասնություն սպասել հնարավոր չէ, որովհետեւ այս տիպի թիմի մեջ շահը քաղաքական չէ, ՀՀ-ի ճակատագրի եւ ապագայի հետ կապված չէ: Եվ ուրեմն նման շահի մեջ, թիմի այս կամ այն շահի որոնման մեջ թիմի այս կամ այն անդամը, կամ մի մասը կարող է բոլորովին այլ կերպ կողմնորոշվել,եթե հանկարծ շահի բաժանում տեղի ունենա: Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ միայն 1998 թվականի հրաժարականները չեն ՀՀ պատմության մեջ. «ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ ամբողջովին, ամբողջ կազմով գործադիր իշխանությունից դուրս եկանք»:
Այսինքն, ճիշտ են այն ուժերը, որոնք պնդում են, որ ՀՀ-ում գաղափարական են միայն ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն` հարցին նա պատասխանեց` սխալ չեն:

