Այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «7-ի գործով» ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժին: Այս պահին Սասուն Միքայելյանը ենթարկվում է հետազոտման:
«Նրա անոթներն ենք նկարում, հետազոտությունն ընթացքի մեջ է: Հետազոտման արդյունքների մասին կարող ենք ավելի ուշ հայտնել»,- «Ա1+»-ին հայտնեց Նորք-Մարաշ կենտրոնի հերթապահ սրտաբան Արեւիկ Ստեփանյանը: Բժիշկը նաեւ հայտնեց, որ բժշկական կենտրոն ներկայանալու պահին Սասուն Միքայելյանի վիճակը բավարար է: Նա կվիրահատվի մի քանի օրից:
Միքայելյանին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվություն Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը խոստացավ հայտնել մի փոքր ուշ եւ գրավոր: Նա միայն նշեց, որ Միքայելյանին տեղափոխել են հետազոտման համար եւ հիշեցրեց, որ Սասուն Միքայելյանը պարբերաբար գանգատներ էր ներկայացնում իր առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը իր առողջական վիճակի մասին գանգատներ է ներկայացրել ձերբակալման հենց առաջին օրվանից: Նրա առողջական վիճակի մասին բազմիցս ահազանգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ,ինչպես նաեւ Միքայելյանի հարազատներն ու մարտական ընկերները:

