«Իշխանությունն իմիտացիա է անում»

17:12 | Փետրվար 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ցավալի է, որ այս դեպքում եւս ՀՀ իշխանությունները սպասում են այնքան ժամանակ, մինչեւ դրսից ճնշում գործադրվի, իսկ ես սա որակում եմ ճնշում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը` ԵԽԽՎ համազեկուցողների վերջին հայտարարության վերաբերյալ:

Նրա կարծիքով, համազեկուցողների կողմից ներկայացված մոտեցումը առ այն, որ ԱԺ-ն պետք է կոնկրետ ժամանակացույց ներկայացնի ԵԽԽՎ մոնիտորինգի խմբին, խոսում է այն մասին, որ մոնիտորինգի խումբը բարձր է գնահատում, եւ կարեւորում է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների արագընթաց իրականացումը:

«Խնդիրն այն է, թե մեր իշխանությունները որքանով են պատրաստ իրականացնել բարեփոխումները: Իմ խորին համոզմամբ, ԱԺ մեծամասնությունը եւ իշխանությունը այս պահին պատրաստ չէ, որովհետեւ այդ բարեփոխումները նշանակում է ավելի ժողովրդավար լինել, ավելի սոցիալական պետության կոնցեպտը դնել, քաղաքացիների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնել»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ամեն գնով փորձում է ընդամենը իմիտացիայի վերածել գործողությունները:

ՀՅԴ-ն շահագրգիռ է բարեփոխումների իրականացման հարցում, եւ պնդելու է, որ դրանք իրականացվեն, եւ կհետեւեն հանձնաժողովի կոնկրետ ժամանակացույց կազմելու եւ դրան համապատասխան գործելու հարցում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100