ԱԺ-ից պահանջում են հստակ ժամանակացույց

18:15 | Փետրվար 02, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները անհապաղ պետք է իրականացնեն 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները: Այսպիսի հայտարարություն են արել Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ջորջ Կոլոմբիեն:

«Եթե հանձնաժողովի կողմից առաջարկված և ԵԽԽՎ-ի բանաձևերում տեղ գտած բարեփոխումները իրականացվեն վստահությամբ, ապա դրանք կարող են համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք  հանգեցրին մարտի 1-2-ի  դեպքերին »,- ասել են համազեկուցողները: Նրանք ընդգծել են, որ այդ առաջարկները պետք է անհապաղ ընդունվեն, հատկապես նրանք, որոնք վերաբերում են ոստիկանությանը և Ընտրական օրենսգրքում հասունացած փոփոխություններին:

Համազեկուցողները Հայաստանի խորհրդարանին ուղարկելու են նամակ` խնդրելով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացնել իրականացվելիք բարեփոխումների հստակ ժամանակացույց մինչեւ 2010թ. մարտի 17-ին Փարիզում տեղի ունենալիք հանձնաժողովի նիստը:

«Այս քննարկումների հիման վրա մենք գարնանը կայցելենք Երևան` նշված բարեփոխումների իրականացման համար հստակ ճանապարհային քարտեզ հաստատելու համար»,- ասել են համազեկուցողները:

Բացի այդ` համազեկուցողները մտադիր են բարձրացնել Նիկոլ Փաշինյանի դատապարտման, ինչպես նաև այլ գործերի վերաբերյալ խնդիրները, որոնց վերաբերյալ Հայաստանի իշխանություններից ցանկանում են պարզաբումներ:

«Մարտի 1-2-ի դեպքերից հետո առաջացած մի շարք հարցեր կարիք ունեն պարզաբանման եւ լուծման»,- ասել են համազեկուցողները` ընդգծելով ԵԽԽՎ-ի և Եվրոպայի Խորհրդի համապատասխան մարմինների կողմից քաղաքական զարգացումների մոնիտորինգի անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Share |
Արխիվ
Rambler's Top100