«ՍԴ որոշումն անխոցելի է»

17:34 | Փետրվար 02, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը  դեռ չի ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ի վավերացմանը: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից «Ա1+»-ը ճշտեց, թե արձանագրությունները վավերացվելու են ՍԴ որոշումը հիմքում ունենալով, թե առանձին:

«ԱԺ-ն վավերացնում է արձանագրությունները, բայց վավերացնելով արձանագրությունները` ԱԺ-ն հաշվի է առնում դատարանի իրավական դիրքորոշումը: Յուրաքանչյուր իրավական տեքստ հնարավոր է լինում մեկնաբանել տարբեր ձեւերով. ՍԴ-ն ներկայացրել է, թե ինչպես պետք է այս տեքստերը ընկալվեն: Այս տեսանկյունից համարում եմ, որ թեեւ ԱԺ-ն վավերացնում է արձանագրությունները, սակայն անպայման հաշվի է առնում ՍԴ-ի իրավական դիրքորոշումը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Թուրքական կողմի պնդումները, թե արձանագրությունների բովանդակությունը ՍԴ որոշմամբ աղավաղվել է եւ որոշակի նախապայմաններ են մտել, Դավիթ Հարությունյանը համարում է անհեթեթ. «Որեւէ ձեւով ՍԴ-ն չի փոխել, այն հստակեցրել է, թե ինչու է համարում, որ այս արձանագրությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Թուրքական կողմի նման պնդումները համարում եմ ընդամենը արհեստական միջոցի որոնում, որով կհիմնավորվի, թե ինչու են հետաձգում իրենց կողմից արձանագրությունների վավերացումը»:

Կարծիք կա, որ ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները որոշման նախաբանում զետեղելով պարզաբանումներ. Դավիթ Հարությունյանն այլ կարծիք է. «Ես համարում եմ, որ ՍԴ որոշումը իրավական առումով անխոցելի է, ես ամենայն ուշադրությամբ եմ կարդացել, եւ համարում եմ այն անխոցելի իրավական առումով, միջազգային պարտավորությունների առումով եւ միջազգային պայմանագրերի ոգուն համապատասխանող: Որեւէ քայլ, որով ՍԴ-ն գերազանցել է իր լիազորությունները, չի կատարվել: Ի դեպ, ես համարում եմ, որ շատ լուրջ իրավական տեխնիկա է կիրառված. ես իսկապես ուրախ կլինեի, որ մեր բոլոր ակտերը լինեն այդ աստիճան անխոցելի»:

Share |
Արխիվ
Rambler's Top100