«Արժանապատվության խեղում իշխանության մոտ»

18:21 | Փետրվար 01, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը գնաց փոքր, զարտուղի, խորամանկ հատուցումների ճանապարհով, եւ դա մատնում է ԱԺ-ի եւ ավելի լայն ղեկավարության փոքրությունը, վախը եւ արժանապատվության զգացումի խեղումը իրենց մոտ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմից հեռացնելու որոշմանը:

«Մեր պայքարը կշարունակվի, Զարուհի Փոստանջյանը ելույթներ կունենա, բայց իրենք պետք է ուզենային, որ Հայաստանը այսպիսի բազմապիսի կազմով ներկայացված լիներ: Այստեղ, իհարկե, երեսպաշտության չափաբաժինն էլ կա, որովհետեւ Զարուհին խոսում է ոչ միայն մարդու իրավունքների, մարտի 1-ի, քաղբանտարկյալների մասին, այլեւ ցեղասպանության, Ջուղայի մշակութային ժառանգության ցեղասպանության, ջավախահայության եւ Արցախի հիմնախնդիրների մասին: Թող առաջինը մտածի նա, ով ընդունել է որպես պաշտոնական քաղաքականություն Մադրիդյան սկզբունքները, ով
«նախաձեռնողական» քաղաքականության ներքո հայ ժողովրդի իրավունքները, շահերը եւ մեր ազգային անվտանգություն դրել է զոհասեղանին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ այն, որ օրենքի խախտում չի նկատել Եվրոպան, Հովհաննիսյանն ունի հարցի պատասխանը. «Եթե կարելի է զրկել ընդդիմադիր խմբակցության պատգամավորին ձայնի իրավունքից, դա ցույց է տալիս, որ թե Եվրոպայում, թե մեր երկրում վախկոտությունն ու ունայնությունը տակավին չափանիշներ են: Հենց այդ փոքրիկ տեսադաշտն է, այդ մտայնությունն է, այդ դավային մեթոդաբանությունն է, որ ծնում է Եվրոպայում եւ Հայաստանում քաղբանտարկյալներ: Ես կարծում եմ` սա օրենքի չարաշահում է, իրական, առօրյա քաղաքացիական եւ ազգային իրավունքներ խախտելու համար. դա եղել է թե օսմանյան կայսրությունում, թե Սովետական Հայաստանում, եւ երբ օրենքը օգտագործվում է իրավունքը սպանելու համար, մենք ունենում ենք քաղբանտարկյալներ, ունենում ենք անարդարություններ,մշակութային ժառանգության ոչնչացում, մեր իրավունքները, մեր չափանիշները օրենքի ներքո չենք ապահովում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը Ստրասբուրգում տեղի ունեցածը համարում է արժանապատվության խնդիր. «Սա մարտակոչ է ՀՀ քաղաքացուն եւ ընդդիմադիր ուժերին, բավ է, որ ամեն մեկը կարծի, թե ինքը միակն է. ոչ «Ժառանգություն», ոչ ՀԱԿ-ը, ոչ ՀՅԴ-ն, որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չի կարող լինել: Խնդիրն այն է, որ ձեւաչափային առումով հասարակությունը պետք է վերակազմակերպվի եւ հանդիմանի իր ներկայացուցիչներին, կուսակցություններին, պատգամավորներին, որ չտառապի այլեւս բացառիկության ախտով:

Եթե ոչ, այսպես կշարունակվի, մեզ կզրկեն ձայնից` մենք կբողոքենք արտաքին աշխարհից, որ ՀՀ-ի օգտին այս կամ այն հարցը չլուծվեց, բայց Հայաստանն ինքը նման կուլիսային, կուլուարային, միջանցքային մոտեցումներով պարզապես իրեն կզրկի ձայնից, իրավունքից, ճշմարտության արտահայտությունից»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ապա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մոտ ապագայում կանցկացվի արտահերթ համագումար, եւ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները:

Իսկ ՀՅԴ-ի հետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ համագործակցության մասով էլ ասաց. «Ես չգիտեմ, թե դաշնակցության տեսակետը ինչպիսի հոլովույթ կունենա, ինչ էվոլյուցիա, բայց «Ժառանգությունը» դեմ է, ոչ թե կողմ է վերապահումներով, այլ դեմ է, եւ մենք կմնանք դեմ»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100