Ծառուկյանինն ուրիշ է

15:03 | Փետրվար 01, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ ԱԺ 4-րդ գումարման 7-րդ նստաշրջանի մեկնարկի օրը ի թիվս մյուս հազմադեպ խորհրդարան եկող պատգամավորների, ներկա էր նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը պատասխանեց լրագրողների հարցերին:

 -Ինչո՞ւ է հրաժարական տվել Սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը:

-Այդ հարցը կարող եք նախարարին տալ: Ուրի՞շ:

-Ասում են, որ նախարարի հրաժարականի պատճառը գումարների յուրացումն է, և Դուք անձամբ եք պատժել նրան:

-Ես այդպիսի բանից տեղյակ չեմ: Դուք նախարարից հարցրեք, ինքը բարի կլինի, ձեր հարցին կպատասխանի:

-Արթուր Պետրոսյանը ուժային կառույցներում է ամբողջ կյանքում աշխատել. ինչո՞վ է պայմանավորված, որ նշանակվեց Սպորտի նախարար:

-Ուժային լինի, կրթական, թե գիտական, ամենակարևորը՝ մարդը պետք է կարողանա կազմակերպել, ղեկավարել կառույցը: Հիմնական խնդիրը դա էր: Ուրիշ:

-Արմեն Գրիգորյանը չէ՞ր կարողանում կազմակերպել:

-10 անգամ այդ հարցին ես պատասխանեցի: Դուք Արմեն Գրիգորյանի՛ց հարցրեք, նա կպատասխանի:

-Ռուբեն Հայրապետյանը Ձեզանից ներողություն էր խնդրել... Ձեր հարաբերությունները կարգավորվել են:

-Ռուբեն Հայրապետյանը մեր ընկերն է, մեր հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնվեք, ավելի լավ կլինեն: Ուրի՞շ:

-Երկար ժամանակ Հանրապետությում չէիք, տարբեր բացատրություններ էին հնչում: Դուք ծանո՞թ եք այդ բացատրություններին:

-Ես ծանոթ չեմ, թե լրագրողները  քնում, ելնում են, ինչ բացատրություն են գրում, բայց ես գործով իրոք բացակայել եմ երկրից: Ուրի՞շ:

-Հովիկ Աբրահամյանն իր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, թե ՀՀԿ-ում առաջարկ է անելու, որ գործարարները չընդգրկվեն ընտրացուցակում: «Բարգավաճ Հայաստանն» ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը:

-Մենք այդ հարցին չենք անդրադարձել: Հովիկ Աբրահամյանից ճշտեք՝ ինչի համար է այդպիսի հայտարարություն արել: Ես մի անգամ ասել եմ, որ այն մարդը, որ իր երկրում գումարներ է ներդնում, նա մտահոգ է երկրի կայացման, զարգացման գործում:   

-Խոսակցություններ կան Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին: Այս մասի՞ն ինչ կասեք:

-Այդ մասին ես տեղյակ չեմ: Ռոբերտ Քոչարյանին գիտեք իր պահվածքով էլ, աշխատանքով էլ, մտածելակերպով էլ: Եթե այդպիսի բան կա, ինձ թվում է՝ առաջինը մենք իրենից կլսենք: Ուրի՞շ:

-Մխիթար Մնացականյանի նախարար դառնալուց հետո ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի թափուր տեղում ԲՀԿ-ն ո՞ւմ է առաջադրելու:

-Դրա համար նոր մենք գործկոմի նիստ հրավիրեցինք, այնտեղ քննարկում էինք, մյուս շաբաթ արդեն կհայտարարենք՝ ում թեկնածությունն ենք առաջարկում: Ուրի՞շ:

-Այս նստաշրջանում ԲՀԿ-ի մարտավարության մեջ փոփոխություններ լինելո՞ւ են:

-Առայժմ ո՛չ. մենք դեռ չենք քննարկել:

-Աբովյան քաղաքի բնակիչներից մենք շատ բողոքներ ենք ստանում տրանսպորտի հետ կապված. նոր ավտոբուսներ են ներմուծվել քաղաք, և բնակիչները 2-3 տրանսպորտ են փոխում, մինչև հասնում են Երևան:

-Մենք դա արել ենք ժողովրդի համար լավ լինելու համար: Եթե այդպիսի խնդիր կա, մենք կանենք այնպես, որ ժողովուրդը գոհ լինի: Եթե կան այդ բողոքավորները: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ եթե ժողովուրդը ներկայացնի, որ դա իր համար դժգոհություն է, մենք այնպես կանենք, որ այդտեղ լիարժեք օգտվի միայն ժողովուրդը:

-Ադրբեջանական մամուլը գրել է, որ Դուք ձեր կենդանիներին օրական 10 կգ մսով եք կերակրում այն ժամանակ, երբ ժողովուրդը սոված է:

-Ադրբեջանական մամուլն ինչ գործ ունի իմ առյուծների հետ: Ադրբեջանը թող իր մասին մտածի, երկրորդն էլ, եթե իրենք շուն ու կատու են իրենց տներում պահում, Ծառուկյանն էլ պետք է առյուծ ու վագր պահի:

Rambler's Top100