Չընկճվելու կոչ

14:12 | Հունվար 21, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ.

«2010թ. հունվարի 19-ին Հայաստանում ավարտվեց եւս մեկ շինծու քաղաքական դատավարություն: Արդարադատության հետ որեւէ կապ չունեցող, գործող իշխանության անթաքույց կամակատար հանդիսացող դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց եւ երկարատեւ ազատազրկման դատապարտվեց քաղաքական գործիչ, անկախ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը, ով հանրությանը մշտապես հայտնի է եղել որպես իշխանությունների անողոք քննադատ:

2008թ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում իշխանությունը բռնի ուժով զավթածներն իրենց առաջ խնդիր են դրել հալածանքներով, բռնություններով, ընդդիմադիր քաղաքական գործիչների դատապարտումներով, համատարած վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծել, ստիպել ՀՀ քաղաքացիներին հրաժարվել իրենց իրավունքների համար պայքարից:

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հրապարակած այս անհեթեթ ու իրավունքի տեսակետից չհիմնավորված ու արդարադատության հետ աղերսներ անգամ չունեցող դատավճիռը մենք գնահատում ենք վերջին տարիների` հատկապես վերջին երկու տարիների համատեքստում, երբ ՀՀ դատարանները` անտեսելով օրենքն ու իրավունքը, առաջնորդվելով միմիայն իշխանության ամենավերին օղակներից իջած հրահանգով, հիմնվելով կեղծ ու շինծու ցուցմունքների վրա, քաղաքական գործիչների նկատմամբ երկարատեւ ազատազրկում նախատեսող դատավճիռներ են հրապարակում:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն` դատապարտելով ՀՀ գործող իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած բռնության դրսեւորում, կլինի դա ազատազրկման դատապարտման, թե այլ կարգի հալածանքների տեսքով, կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չընկճվել եւ իրենց միակամությամբ հաղթական ավարտին հասցնել քաղաքական ու քաղաքացիական ազատությունների համար սկսած պայքարը»,- ասված է հայտարարության մեջ:

Share |
Արխիվ
Rambler's Top100