ԱՄՆ-ում տեղի ունեցած Օբամա-էրդողան հանդիպումը եւ այդ հանդիպման ընթացքում Էրդողանի հայտարարությունները Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին թույլ են տալիս ասել, որ իրենց անհեռատեսությամբ ՀՀ իշխանությունները Հայաստանը տանում են կործանման:
«Մինչեւ Էրդողանի ԱՄՆ այցելելը, ՀՀ իշխանությունները ասում էին, որ մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում, Էրդողանը չի գնա ԱՄՆ: Ավելին, ՀՀ իշխանությունները կարծում էին, որ ԱՄՆ կարող է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա եւ ապահովել համապատասխան դիրքորոշում: Հայ Ազգային Կոնգրեսն ասում էր, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կապելու է ԼՂ հիմնախնդրի հետ, եւ ԱՄՆ-ն ի վիճակի չէ մինչեւ վերջ ճնշել Թուրքիային: Մեր կանխատեսումները ճիշտ դուրս եկան, իսկ ՀՀ իշխանությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ իրենք թեթեւամիտ, ստախոս քաղաքական գործիչներ են եւ իրենց սխալ հաշվարկներով հայ ժողովրդին տանում են կործանման»,- այսօր «Ա1+»-ին ասաց Լեւոն Զուրաբյանը:
Իր ասածները հիմնավորելու համար` Զուրաբյանը բավարար է համարում նույնիսկ մեկ փաստը «Ցյուրիխում ուրանալով Հայոց ցեղասպանությունը` այս իշխանությունները ոչինչ չստացան»:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Զուրաբյանը հիշեցրեց, որ անցյալ տարի դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանը դիմավորել է մոտ 100 քաղբանտարկյալով եւ իշխանությունները Կոնգրեսին արգելել էին երթ անցկացնել:
Այս տարի ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը 15-ն է, իսկ Կոնգրեսի վաղվա երթը արտոնել է: «Այս մեկ տարվա մեջ իշխանությունները մի քիչ խելոքացել են: Հասկացան, որ հանրահավաքների եւ երթի արգելումը միայն վնասում է նրանց իմիջին»,- ասաց Զուրաբյանը: Նա դժվարանում է ասել, թե ինչ տրամաբանությամբ են իշխանությունները որոշում, թե որ քաղբանտարկյալին ազատ արձակեն, իսկ որին` ոչ. «Իշխանությունները քաղբանտարկյալներին վերածել են պատանդների եւ պատանդների առեւտուր են կատարում: Նրանց մաս-մաս արձակելով` փորձում են զիջումներ կորզել ընդդիմությունից, հասարակությունից, միջազգային կառույցներից: Հենց դա է պատճառը, որ մենք չենք կարող այս իշխանություններին լուրջ ընդունել եւ նրանց հետ երկխոսել, նրանք բարբարոսներ են: Երբ ազատ կարձակվի վերջին քաղբանտարկյալը այն ժամանակ էլ մենք նրանց հետ կերկխոսենք»:
Զուրաբյանը իշխանությունների որդեգրած բարբարոսության վառ օրինակ է համարում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին այսօր անազատության մեջ պահելը. «Փաշինյանը գրանցված թեկնածու է եւ նրա անձեռնմխելիության իրավունքը խախտված է: Նրա կարող են կալանքի տակ պահել միայն ԿԸՀ որոշմամբ, որը գոյություն չունի: Եթե իշխանությունները, իսկապես, պատրաստ են հավասար պայմաններում մրցակցել իրենց հակառակորդի հետ, այս դեպքում նրանք պետք է անհապաղ ազատ արձակեին Փաշինյանին: Նրան կալանքի տակ պահելը վկայում է իշխանությունների վախկոտության, ստորությունը այդտեղ է երեւում»:
Զուրաբյանը գտնում է, որ Փաշինյանի թեկնածությունը իշխանությունները գրանցեցին միայն միջազգային կառույցների եւ Հայ ազգային Կոնգրեսի հետեւողական պայքարի շնորհիվ:

