Արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Գեւորգ Դանիելյանը չի այցելել իր նախկին կուսակից, այժմ անազության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին:
Նա «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ եթե կարիք լինի, կայցելի. «Ես պարտավոր չեմ բոլորին այցելել, եթե ինքը ցանկություն ունենա, ես անպայման ժամանակ կգտնեմ, կայցելեմ»:
Ինչ վերաբերվում է հիվանդանոցում գտնվող Սասուն Միքայելյանին ներում շնորհելուն, ապա Արդարադատության նախարարի համար տարօրինակ է լրագրողների նման հարցադրումները. «Մեծաքանակ զենքի համար է դատապարտված անձը: Նրա հետ ծանոթ եմ եղել, շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ եղել բայց դա չի նշանակում, որ եթե դու մեծ քանակի զենք ես պատրաստում, եւ միայն դրա համար դատապարտվում ես, դու ենթակա ես անհապաղ ներման, որովհետեւ ինչ որ քաղաքական շարժումների ես եղել: Ոչ, մենք այդպես չենք մտածում եւ չենք էլ մտածելու: Ինքը երեւույթը պետք է ձեզ անհանգստացնի»:
Ըստ Նախարարի` նրա նկատմամբ կլինի համարժեք վերաբերմունք: Իսկ այդ ի՞նչ է ենթադրում` «Ա1+»-ի հարցին` նա պատասխանեց. «Հատուկ չի լինելու օրենսդրությունից առանձնահատուկ դրսեւորում, ինչպես ներկայացվում է մամուլում: Եթե գա մի պահ, որ զգանք, որ այդ հիմքերը կան, այդ հիմքերի պայմաններում էլ կլինի նրա նկատմամբ այն վերաբերմունքը, որ կիրառում ենք ցանկացած անձի նկատմամբ: Սասուն Միքայելյանի նկատմամբ եթե նման եզրակացություն լինի, ապա ներում կշնորհվի»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նա դժգոհել է սրտի աշխատանքից, բարձր ճնշումից, ինչպես նաեւ զգացնել են տվել պատերազմի ժամանակ Միքայելյանի մարմնում հայտնված մեկ տասնյակից ավել բեկորները: Սակայն այժմ նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, քանի որ ենթարկվել է վիրահատությունների:
Արդարադատության ցավալի եւ ուրախ կողմերը 2009թ-ին
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հումորով է վերաբերվում այն ասեկոսեներին, թե այս տարվա ընթացքում արդարադատության ոլորտում եղած բացթողումները հատուկ են արվել` իր ոտքի տակը փորելու համար:
«Եթե մարդիկ միայն այդ քայլերով են փորձում եղանակ ստեղծել, դա եւս ունի իր դրական կողմը: Բայց նկատի ունեցեք` նրանք ովքեր այդ հարցերը լուծում են, շատ լավ գիտակցում են, որ այդ երեւույթները իրենցից ինչ են ներկայացնում: Եթե հաշվարկում են այդ մարդկանց համար, ապա կոպիտ սխալվել են»,-ասաց նա:
Այսօր նա հրավիրվել էր Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարան դասախոսություն կարդալու եւ միառժամանակ նրան շնորհեցին այս համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Նա դասախոսությունից հետո «Ա1+»-ի զեկույցում շեշտեց, որ իսկապես բարդ տարի ունեցանք, որովհետեւ չէր կարող ֆինանսատնտեսական ճգնաժամը իր հետեւանքները չունենալ նախարարության գործունեության վրա:
Գեւորգ Դանիելյանը ցավով նշեց, որ չեն կարողանում ապահովել այն նվազագույն պայմանները, որ անհրաժեշտ է դատապարտյալներին պահելու համար:
«Պետք է ասեմ, որ ունեցանք մի շարք միջադեպեր, որոնք ինձ համար անսպասելի էին: Խոսքը վերաբերվում է եւ փախուստներին, եւ մի քանի ակնհայտ խախտումներին քրեակատարողական համակարգում»,-ասաց նա:
Գեւորգ Դանիելյանը ակնկալում է, որ 2010թ-ին կկարողանան լուրջ քայլեր անել` նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը ոլորտում. «Առանց այդ էլ լուրջ ձեռքբերումներ ունենք, բայց հասարակության սպասելիքները շատ ավելին են: Մարդիկ կոնկրետ սպասում եմ, որ երբ կկարողանան առնչվել պետական մարմինների հետ, վստահ լինել, որ որեւէ կաշառք չեն ակնկալի իրենցից»:
Ի դեպ, նախարարը վստահեցրեց նաեւ, որ փորձելու են վարչաիրավական հարաբերությունները պարզեցնել այն աստիճանի, որ հնարավորինս քիչ շփումներ լինի:
«Մենք խնդիր չունենք աշխատել վարչական մարմինների հետ, բայց բոլոր դեպքերում վստահությունը իր սահմանները ունի եւ չենք կարող միայն վստահությունը դնել փոխհարաբերությունների հիմքում` ասել, որ մենք երաշխավորված ենք, ոչ այդպես չի,- ասաց նա` ավելացնելով,-Հավատացած եղեք, բարեփոխումները նկատելի կլինեն»:

