Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դեռ պաշտոնապես ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
«Ա1+»-ին հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը տեղեկացրեց, որ ինքը Հմայակ Հովհաննիսյանից դիմում չի ստացել եւ ինքնաբացարկի վերաբերյալ հայտարարությանը ծանոթացել է մամուլից:
Հմայակ Հովհաննիսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դեկտեմբերի 28-ին պատրաստվում է անձամբ գնալ ԸԸՀ եւ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:
Հմայակ Հովհաննիսյանը, ով իր թեկնածությունը հանում է հօգուտ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է անձամբ ներկայանալ ԸԸՀ, որպեսզի հանկարծ տեխնիկական թերացումներ չլինեն եւ իր անունը չտպագրվի քվեաթերթիկում:
Այսպիսով` հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում ընտրություններին կմասնակցեն «Ազգային Միաբանության» անդամ Արա Սիմոնյանը, Հայաստանի Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, 2010 թ. հունվարի 5-ին, ժամը 10.00-ին, «Տիգրան Մեծ» հրատարակչատանը կսկսվի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության քվեաթերթիկների տպագրումը: Այդ մասին «Ա1+»-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:

