Հայաստանը կդառնա Թուրքիայի գավա՞ռ

20:28 | Դեկտեմբեր 24, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Համազգային թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանը անցնող տարվա լավագույն ձեռքբերումը համարում է մեր մարզական հաղթանակները: «Ես կարծում եմ, որ արվեստի գործիչն ու մարզիկը պետք է փառք բերեն իրենց ժողովրդին Այս տարվա իմ մեծ ուրախությունը Նազիկ Ավդալյանն ու Առաքել Միրզոյանն էին: Դա շատ մեծ պարծանք է մեզ համար»,-«Ա1+»-ին ասաց նա:

Տարվա կարեւոր իրադարձություն նա համարեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված Հայաստանի քայլերը: Իհարկե դա, ըստ դերասանի, լավ էր միայն մեկ առումով` նման քայլով աշխարհում բարձրացավ Հայաստանի վարկանիշը: Մյուս առումներով, ըստ նրա, թուրքերի հետ հարաբերությունները վտանգավոր են:

«Եթե հայերին թվում է, թե թուրքը մեր քեռին է եւ գրկաբաց ընդունելու է մեզ` սխալվում են: Թուրքերը չեն կարող մեր լավը ցանկանալ, որովհետեւ նրանք գիտեն, որ մենք վկան ենք նրանց հավիտենական չարագործությունների»,-ասաց դերասանը:

Նաեւ հավելեց, որ որպես բանական առողջ մարդ հասկանում է, որ հարեւանների հետ պետք է նորմալ հարաբերությունների մեջ լինել, սակայն իր խոսքով, թուրքերի հետ կան բազմաթիվ «բայց»-եր եւ վերապահումներ:
«Այս առումով միանշանակ չեմ կարող ասել` թե սա այն էր, ինչ պետք է արվեր»,-«Ա1+»-ին ասաց նա: Ըստ Սոս Սարգսյանի` ողջ գործընթացում մեկ սխալ կար, այն`որ հայերս չենք հասկանում, որ այս փոխհարաբերությունները առաջին հերթին ձեռնտու են թուրքերին: «Նրանք շատ են շահագրգիռ, բայց քանի որ խորամանկ են` թաքցնում են դա ու նախաձեռնությունը թողնում հայերին: Մենք պիտի հասկանանք, որ հիմա այն պահն է, երբ մենք կարող ենք թելադրողը լինել»,-ասաց նա:
Սոս Սարգսյանը նաեւ նշեց, որ համաձայն չէ սահմանները «վերաբացել» ձեւակերպմանը, քանի որ, նրա խոսքով` «դա մեր սահմանը չէ, մեր սահմանը ուրիշ տեղ է: Պարզապես, պետք է ասել, որ ստեղծում ենք դիվանագիտական հարաբերություններ` դրանից բխող այլ երեւույթներով»:
Արվեստագետի խոսքով, ինքը մտավախություն ունի հատկապես հայ- թուրքական հարաբերությունների հետագա տեսլականով: «Ինձ բազմիցս հարցնում են` արդյո՞ք Հայաստանը չի դառնա Թուրքիայի հյուսիսային գավառը: Եթե ավելի չուժեղացնենք
պայքարը Հայ Դատի համար, եթե ավելի չպահանջենք, որ թուրքերը ընդունեն Ցեղասպանության փաստը, ապա դա շատ հնարավոր է»,-նշեց Սոս Սարգսյանը:

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100