2009թ ՀՀ իրավական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համարում է 2008թ. շարունակությունը: «2009թ. ՀՀ-ում շարունակվեցին քաղբանտարկյալների հալածանքները, անօրինական դատավարությունները: Այսօր 2009թ. մենք ամփոփում ենք 15 քաղբանտարկյալով եւ մեկ հետախուզման մեջ գտնվողով»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
2008թ. մարտի 1-ից հետո իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալվեց մոտ 500 քաղաքացի, իսկ 2009թ. մենք ավարտում ենք 15 քաղբանտարկյալով. տեսակետ կա, որ սա արդեն առաջընթաց է, ի՞նչ կասեք այս մասին. մեր հարցին` Վարդան Հարությունյանը պատասխանեց.
«Մարդկային ճակատագրերի դեպքում թվաբանությունը չի գործում: Մեկ քաղբանտարկյալն արդեն չափազանց շատ է ՀՀ-ի համար, իսկ այսօր մենք ունենք 15 քաղբանտարկյալ: Այսօր ՀՀ-ում մարդիկ հայտնվում են բանտերում միայն նրա համար, որ կանգնել են ընդդիմության թեկնածուի կողքին: ՀՀ-ում ընդդիմադիր թեկնածուի ընտրություններին մասնակցելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ ընդդիմադիր թեկնածուի ընտրություններին մասնակցելը` իշխանությունը յուրացնելու փորձ եւ նրա թիմի բոլոր ակտիվ անդամները պետք է հայտնվեն բանտերում»:
Ինչ վերաբերում է նրան, որ երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջեց 8 տարի ազատազրկում, ապա Հարությունյանին ոչ թե պահանջած պատժի չափն է սարսափեցնում, այլ. «Ինձ վրա ավելի շատ ազդում է այս իշխանությունների մոլուցքը` անպայման մարդուն դատապարտելու համար եւ այստեղ կարեւոր չէ` մարդու մեղքն ապացուցված է, թե` ոչ: Սա է խնդիրը: Ես երեկ մասնակցել եմ Փաշինյանի դատավարությանը եւ վստահ կարող եմ ասել, որ մեղադրող կողմը դատարան էր ներկայացել պատրաստի մեղադրական ճառով: Չիմանալով, թե պաշտպանական կողմը Փաշինյանին ինչ արդարացնող ապացույցներ է ներկայացնելու, նրանք արդեն պատրասել են մեղադրական ճառը; Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում դատական պրոցեսը չի ազդում մեղադրողի ճառի վրա»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի դեպքերից հետո պաշտոնապես հետախուզման մեջ գտնվող 4 անձանցից մեկն էր, որն ինքնակամ ներկայացավ նախաքննության մարմնին: Թեեւ ԵԽԽՎ-ն պահանջել էր, որ հետախուզման մեջ գտնվողները վերադառնալու դեպքում, մինչեւ նրանց նկատմամբ դատավճռի հրապարակումը գտնվեն ազատության մեջ, սակայն նախաքննության մարմինն անտեսեց ԵԽԽՎ պահանջը:
Մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվողներից այսօր միայն մեկը` ոստիկանության փոխգնդապետ Վիրաբ Մանուկյանն է շարունակում մնալ ընդհատակում: «Նիկոլ Փաշինյանի դատավարությունը բավարար է Վիրաբ Մանուկյանի համար, որպեսզի նա վերադառնալու որեւէ հույս չունենա, քանի որ բոլորի համար պարզ է, թե ներկայանալու դեպքում ինչ է սպասվում Մանուկյանին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո հետախուզում էր հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի, Նիկոլ Փաշինյանի, գնդապետ Համլետ Հովհաննիսյանի եւ Վիրաբ Մանուկյանի նկատմամբ:

